ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․
«ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։
Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո»։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։