ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է․
«Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները:
Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից:
Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության պաշտոնական հաստատումը»։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։