ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է․
«Ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվում քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը:
Կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական այս մարտական հարձակումներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Ուստի, Պաշտպանը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այդ հայտարարությանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ստուգած փաստերը հաստատում են, որ կրակոցներն անընդհատ հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, այդ կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ, ունեն միասնական դիտավորություն, խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։