ԱՀԿ-ն Մարտունու ԲԿ-ին ժամանակակից ռենտգեն սարք է տրամադրել

Մարտունու բժշկական կենտրոնը վերազինվել է ռենտգեն նորագույն սարքով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության նվիրատվությամբ Մարտունու բժշկական կենտրոնը համալրվեց մոտ 250 հազար եվրո արժողությամբ նորագույն և բազմաֆունկցիոնալ ռենտգեն սարքով, որն արդեն տեղադրվել է բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքում:

Կաբինետի բացման արարողությանը և ռենտգեն սարքավորման գործարկմանը ծանոթանալու նպատակով հուլիսի 27-ին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի, Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի,ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Ջենիֆեր Քոլինսի և պատասխանատու այլ աշխատակիցների հետ այցելեցինք Մարտունու բժշկական կենտրոն։

Բժշկակական կենտրոնի միջոցների հաշվին նախօրոք հիմնանորոգվել է ռենտգեն կաբինետը և վերապատրաստվել է բուժանձնակազմը։

Ռենտգեն նորագույն սարքի գործարկմամբ մենք եւս մեկ քայլ առաջ ենք կատարում դեպի բուժսպասարկման որակի բարձրացում, առաջընթաց ու զարգացում։ Այն մի կողմից մեզ հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշումներ իրականացնելու եւ արդյունավետ բուժում կատարելու, մյուս կողմից էլ մեր քաղաքացիները մայրաքաղաքի բուժհաստատություններ դիմելու փոխարեն բուժսպասարակումը կստանան տեղում՝ խնայելով որոշակի միջոցներ և ժամանակ։

Հյուրերի հետ ունեցած զրույցում հույս հայտնեցի,որ բժշկական կենտրոնում իրականացվող տեխնիկական ու կադրային վերազինումները, նոր հիվանդանոցի կառուցումը եւ բարեփոխումները տանում են նրան, որ Մարտունու տարածաշրջանի եւ մեր մարզի բնակչության բուժսպասարկումը որակապես ոչնչով չզիջի այլ առաջատար բուժհաստատությունների մատուցած ծառայություններին։

Նշեցի,որ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը Հայաստանի ամենախիտ բնակեցված տարածաշրջաններից մեկն է և իր հնարավորություններով կարող է սպասարկել մոտ 100 հազար բնակչի: Մարտունու դիրքը նաև այնպիսին է, որ այս կենտրոնի մատուցած բժշկական ծառայություններից կարող են օգտվել նաև հարևանությամբ գտնվող մարզերի բնակիչներ:

Որպես մարզային հիվանդանոց՝ այստեղ մասնագետ բժիշկների պակաս չկա, միակ խնդիրը կապված է նման սարքավորումների բացակայության հետ, որն էլ աստիճանաբար ու նաև շնորհիվ նմանատիպ բարերարների՝ լուծում է ստանում: Այս հիվանդանոցում մեր գլխավոր խնդիրը կապված է շենքային պայմանների հետ, որն էլ ի ուրախություն բոլորիս, մեկ տարի հետո կկարգավորվի, երբ հիվանդանոցն ամբողջությամբ տեղափոխվի նորակառույց շենք՝ բնակիչների շրջանում ապահովելով պատշաճ և առավել որակյալ բուժսպասարկում։

Բժշկական կենտրոնին նվիրաբերած ռենտգեն սարքավորման անհրաժեշտության և հրատապության մասին խոսեցին նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը՝հույս հայտնելով, որ այն լիովին կծառայի բնակչության առողջապահական կաիրքների բարելավմանը: Դեսպանը և նախարարի պաշտոնակատարը խոսեցին նաև մարզերում գործող բժշկական կենտրոնները նման սարքավորումներով համալրելու կարևորության մասին:

Հյուրերը ծանոթացան նաև Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարական աշխատանքների ընթացքին:
Անդրադառնալով արձանագրված հաջողություններին՝ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը նշեց, որ կենտրոնը իր ստեղծած եկամուտների շնորհիվ կարողանում է հոգալ հիվանդանոցի բազմաթիվ կարիքներ, ձեռք բերել նոր ու ժամանակակից սարքավորումներ, բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը, կատարել անհրաժեշտ այլ ծախսեր:

Շնորհիվ ձեռք բերված լապարոսկոպիկ սարքավորման, այս բշկական կենտրոնում իրականացվում են լապարոսկոպիկ տարբեր վիրահատություններ: Հիվանդանոցի համար կարևոր ձեռքբերում է հանդիսանում նաև պետպատվերի ծավալների կրկնապատկումը, լոկալ ջեռուցման համակարգի, շուրջօրյա տաք և սառը ջրի ապահովումը: Բժշկական կենտրոնում ավելացել են բուժօգնության ծառայությունների տեսակները, ակտիվացել են էխոկարդիոգրաֆիայի և անոթների դուպլեքս հետազոտությունների ծառայությունները, որոնք իրականացվում են ինչպես պետպատվերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով: Բժշկական կենտրոնի տնօրենը հավաստեց նաև, որ կենտրոնում վճարովի ծառայությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են 2,5 անգամ»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել