«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ հուլիսի 26-ին անդրադարձել է կորոնավիրուսին և համավարակով պայմանավորված հայաստանյան իրավիճակին և ընդգծել, որ թվերի աճ է գրանցվել:
«Գրանցում ենք աճը, որը կտրուկ չէ և գիտակցում ենք, որ աշնանը կունենանք նոր վարակի ալիք, իսկ ինչ վերաբերում է դելտա շտամին, այս պահին չունենք շտամեր, բայց կարծում ենք, որ այն Հայաստանում շրջանառվում է, քանի որ ունենք բաց սահմաններ»,- նշեց նախարարը:
Նա անդրադարձավ նաև պատվաստումներին COVID-ի դեմ և նշեց, որ աշխատանքներ են տարվում նոր պատվաստանյութերի խմբաքանակի ձեռք բերման համար:
«Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար և ուշադրությունը դեպի մշակույթ ենք ուղղել․ շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր»,- ընդգծեց նա: