Մեզ դրական արձագանք է պետք Հայաստանի կողմից․ Իլհամ Ալիև

Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացումը շատ կարևոր պահ է կարգավորման հետհակամարտային փուլում, և դա նույնպես ընդգծված է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Այս մասին Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն դիվերսիֆիկացրել է իր տրանսպորտային ցանցը. «Եվրասիայում մենք կարողացանք ստեղծել ամենակարևոր լոգիստիկ տրանսպորտային հանգույցներից մեկը»:

«Ստեղծվելու են երեք միջազգային օդանավակայաններ. Ֆիզուլիում օդանավակայանը գործարկվելու է մինչև տարեվերջ, երկրորդը՝ Զանգիլանում՝ հաջորդ տարի, իսկ երրորդը՝ Լաչինում, պատրաստ կլինի 2023 թվականին: Այսպիսով, Ադրբեջանում օդանավակայանների թիվը կհասնի 9-ի»:

«Տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը պետք է իրականացվի զուգահեռաբար: Սա հնարավորություն կտա Հայաստանին երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ, Ադրբեջանի համար՝ լրացուցիչ երթուղի դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Տարածաշրջանի չորս երկրներ ՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, սատարում են այս մոտեցումը:

Մեզ դրական արձագանք է պետք Հայաստանի կողմից, բայց այս մոտեցումը չպետք է ընտրովի լինի: Ինչպես ես ասացի, բոլոր հաղորդակցությունները պետք է միաժամանակ լինեն բաց և այս առումով չպետք է խտրականություն լինի: Դրանից հետո տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն արդեն իրականություն կդառնան, և մենք հենց դա ենք ուզում», – ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել