Դպրոցի տնօրենը և նրա ամուսինը մեղադրվում են 4,5 միլիոն դրամ հափշտակելու համար

Մեծամորի թիվ 1 դպրոցի տնօրեն  Արեգնազ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի, այն է՝ մոտ 4 միլիոն 520 հազար դրամ գումար հափշտակելու համար։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ Արեգնազ Առաքելյանը խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումն առ այն, որ տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից, 1992թ. մարտի 1-ի իր թիվ 322 հրամանով, ամուսնուն՝ Սուրիկ Գրիգորյանին, կես դրույքաչափի փոխարեն մեկ ամբողջ դրույքաչափով դպրոցում հրամանագրել է որպես տնտեսվար։

Հավելենք, որ նույն ժամանակահատվածում Սուրիկ Գրիգորյանը որպես հիմնական աշխատող աշխատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությունում հնգօրյա աշխատանքային շաբաթով՝ ժամը 0830-ից մինչև ժամը 1630-ը և վերջինիս մինչև 2014թ. մարտ ամիսը ներառյալ, կես դրույքաչափով ավել աշխատավարձ է հաշվարկվել ու վճարվել՝ ընդհանուր 4.520.932 ՀՀ դրամ աշխատավարձ, այսինքն՝ Ա.Առաքելյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ դպրոցի բյուջեից, յուրացման եղանակով հափշտակել է այդ չափի գումար։

Մեղադրանք է առաջադրվել նաև նրա ամուսնուն, Սուրիկ Գրիգորյանին։ Ըստ մեղադրանքի՝ նա օժանդակել է կնոջը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ենթադրյալ հափշտակություն կատարելուն։

Գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին։

Դատարանի որոշմամբ՝ քրեական գործի դատական քննությունը նշանակվել է 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 17:00-ին։

Արեգնազ Առաքելյանի և Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրված չհեռանալու մասին ստորագրությունները, ինչպես նաև մեղադրյալների անվամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողի և մեղադրյալ Սուրիկ Գրիգորյանի սեփականության իրավունքով հաշվառված՝ «VAZ 21013» մակնիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքները թողնվել են անփոփոխ։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել