Ազգային ժողովը վաղը՝ հուլիսի 15-ին, արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում է նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Այս նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափն ավելացնել՝ 200 հազար դրամով՝ ներկայիս 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 250․000 դրամ:
Նշված փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, հաշվի առնելով որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից (132) եւ տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ՝ պակասում են մոտ 17,7 մլն դրամով (8-րդ գումարման Ազգային ժողովի 25 պատգամավորի եւ նրանց օգնականների տարեկան վարձատրության ընդհանուր գումարը ներկայումս կազմում է մոտ 274,5 մլն դրամ, իսկ նախագծով առաջարկվող կարգավորմամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի 107 պատգամավորի տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ):
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափն ավելացնել՝ սահմանելով 250000 դրամ:
Օրենքի նախագծի հեղինակները՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլայ Բաղդասարյանը նախագծի հիմնավորման մեջ նշել են, որ նշված կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում: Բացի այդ, 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ Ազգային ժողովի, ինչպես նաեւ պատգամավորների լիազորությունների եւ գործառույթների շրջանակի ընդլայնմամբ: