Արայիկ Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին: 

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին  այս ամիսներին կատարած աշխատանքի համար: Դա շատ կարևոր և բարդ փուլում էր: Քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: Դրանցից մեկը Դուք եք, պարոն Ղևոնդյան»: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին կարևոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Նախորդ տարվա իրադարձությունների բերումով Արտաքին գործերի նախարարության դերակատարումը մեր ներքին և արտաքին կյանքում շատ կարևոր է: Վստահ եմ՝ Դուք պատվով կկատարեք Ձեր ստանձնած պարտականությունները և կլուծեք այն խնդիրները, որոնք մեր առաջ դրել է հանրությունը հունիսի 20-ի ընտրություններով, և որը կառավարությունը դնում է Ձեր առջև»,- ասել է Արայիկ Հարությունյանը: 

Արմեն Ղևոնդյանն իր խոսքում նշել է, որ կատարված աշխատանքը եղել է համակարգային, աշխատել են բոլոր ստորաբաժանումները, վարչությունները, և միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել արդյունքի: 

Արմեն Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Կարելի է ասել՝ որոշների հետ աշխատանքային փորձ ունենք, որոշակի աշխատանքներ կատարել ենք այս ընթացքում: Անվտանգության խորհուրդը մեծ հաշվով կտրված չի եղել արտաքին քաղաքականության  ձևավորման գործընթացից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համատեղ  աշխատանքի համար: Իհարկե, այսօրվանից սկսած առավել ինտենսիվ ենք աշխատելու: Համոզված եմ՝ մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի ի կատար ածենք այն մանդատը, որը քաղաքացիները տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ այն բոլոր ուղենիշերը, որոնք նշված ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը նաև արտացոլվելու է Կառավարության ծրագրում, համատեղ իրականություն ենք դարձնելու: Շատ ծանր և դժվարին, բայց նաև պատասխանատու և պատվաբեր փուլ է լինելու:  Համոզված եմ՝ համատեղ աշխատելու և արդյունքներ ենք ունենալու»:        

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել