Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ: «2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր փուլ ենք մտնում և այդ փուլի առանձնահատկությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մանդատ են տվել իշխանությանը՝ ՀՀ-ում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա: Նոր պայմաններում Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ գործողություններ, ավելի վճռական գործողություններ և ավելի հատուկ գործողություններ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար:
Իհարկե շատ կարևոր աշխատանք է արվել, սակայն շարունակաբար պիտի աշխատենք նախաքննության արդյունավետությունը, տեմպերը և արդյունավետ ելքերն ապահովելու ուղղությամբ: Հույս ունեմ, որ պարոն Քյարամյանի ղեկավարությամբ այդ աշխատանքը կիրականացվի: Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանն իր ահռելի փորձով աջակից կլինի պարոն Քյարամյանին՝ այդ գործունեության մեջ: Պարոն Գրիգորյան, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ կատարած աշխատանքի և ընդհանրապես Ձեր պատրաստակամության համար՝ շարունակելու ծառայությունն այլ կարգավիճակում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Պարոն Քյարամյան, ցանկանում եմ հաջողություններ մաղթել այս կարևոր պաշտոնում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին ընձեռված հնարավորության և բարձր վստահության համար: «Պարոն վարչապետ, 3 տարի անընդմեջ Դուք բոլոր հարցերով Քննչական կոմիտեի կողքին եք կանգնել, բոլոր խնդիրները, որոնք ծառացել են՝ կազմակերպչական բնույթի, բարոյահոգեբանական մթնոլորտը, սոցիալական երաշխիքներն ապահովելու առումներով, միշտ ընդառաջել եք ինձ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին: Մշտապես բարձր վստահություն է եղել մեր նկատմամբ և թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել Ձեզ և իմ գործընկերներին»,- ասել է ՔԿ նախկին նախագահը:
Հայկ Գրիգորյանը նշել է, որ վերջին 7 ամիսների ընթացքում աշխատել է Արգիշտի Քյարամյանի հետ և բարձր է գնահատում նրա անձնական, մասնագիտական, բարոյահոգեբանական հատկանիշները:
Իր հերթին, ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը՝ երկրի համար կարևոր ժամանակահատվածում այս պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, վստահեցնում եմ՝ Քննչական կոմիտեի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր լուծվելու է արագ, արդյունավետ և օրենքի տառին համապատասխան»,- նշել է Արգիշտի Քյարամյանը: