«Հետընտրական իրավիճակը Հայաստանում հետևյալն է՝ երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը, ցավոք արդեն նաև դատավորը՝ մեկ մարդ է, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ով շատ հստակ և հետևողական քաղաքական հետապնդումներ է իրականացնում: Ինքը կայացնում է քաղաքական որոշումներ, իսկ իր ուժային կառույցներին և իրավապահներին մնում է իրենց երևակայության արդյունքում հորինել կեղծ մեղադրանքներ և հստակ հետապնդումներ իրականացնել տվյալ դեպքոմ Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ, և առհասարակ «Հայաստան» դաշինքի աջակիցների, համախոհների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ»,- այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ բանակից հեռացնում են լավագույն զինվորականներին Տավուշում և Սյունիքում և պատահական չէ, որ պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած ղեկավարներին փորձում են ձերբակալել:
«Նիկոլի ձեռքը ճար լինի՝ 270 հազար քաղաքացիներին, որ մեզ են քվեարկել, բոլորին հատ-հատ կձերբակալի: Մի շատ կարևոր փաստ չեն հասկանում, որ դա մեզ չի ընկճելու, դա մեզ մեր պայքարից հետ չի պահելու և բոլոր ուղղություններով մեր պայքարը շարունակվելու է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա նորից նշեց, որ մանդատները վերցնելու հետ կապված որոշումը կլինի Սահմանադրական դատարանի որոշումից հետո:
«Այդ մանդատները ծառայելու են մեր պայքարին նոր ուժ տալու ու այս հայրենադավ իշխանության դեմ մեր պայքարն ավելի ընդլայնելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: