ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի ուղերձը ՀՀ Վճռաբեկ դատարանի հիմնադրման 23-ամյակի կապակցությամբ

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի ուղերձը ՀՀ Վճռաբեկ դատարանի հիմնադրման 23-ամյակի կապակցությամբ.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հիմնադրման 23-ամյակը, որը կարևոր առիթ է վերագնահատելու ավելի քան երկու տասնամյակների ընթացքում իրականացված մեծածավալ գործունեության արդյունքները` ի նպաստ իրավունքի գերակայության և զարգացման ապահովման, օրենքների կիրարկման միատեսակ սկզբունքների վրա խարսխված իրավունքահեն միջավայրի ստեղծման։

Նշված տեսլականի իրագործմանն ուղղված երկարամյա գործունեության ընթացքում, որը նաև պարբերաբար զուգորդվել է Վճռաբեկ դատարանի իրավական կարգավիճակի փոփոխությամբ` այն դարձնելով օրենքի միատեսակ կիրառումն ապահովող «կենդանի դարբնոց», Վճռաբեկ դատարանն իր ուրույն դերակատարումն է ունեցել նախադեպային բնույթի որոշումների մշակմամբ, որոնք արմատապես փոխել են արդարադատության իրականացման վերաբերյալ հայրենական պատկերացումները` այն դարձնելով առավել կանխատեսելի։ Նշվածն աներկբայորեն իր ազդեցությունն է ունեցել նաև հասարակության իրավական դաստիարակության, իրավաընկալման զարգացման, արդարադատության և դատական իշխանության նկատմամբ հասարակության անդամների վերաբերմունքի վերանայման ու վստահության ամրապնդման գործում։

Հարկ է ընդգծել, որ իրավունքի զարգացման գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես կարևորել է միջազգային լավագույն փորձի և առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործման ապահովումն ազգային իրավական համակարգի ներկապնակում։

Վճռաբեկ դատարանի երկարամյա գործունեության անբաժանելի ուղեկիցը մշտապես եղել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, որոնց հաշվառմամբ բազմաթիվ խնդրահարույց հարցերով Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն իրավակիրառ պրակտիկայի շնորհիվ միջազգային չափանիշներին համապատասխան ապահովվել է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրապես արդյունավետ պաշտպանությունը։

Հատկանշական է, որ պայմանավորված իրավունքի զարգացման նոր միտումներով` վերջին տարիների ընթացքում Վճռաբեկ դատարանի որոշումներում առավել հաճախ կարելի է հանդիպել մեջբերումներ միջազգային փափուկ իրավունքից (soft law), միջազգային հեղինակավոր կառույցների բանաձևերից և հանձնարարականներից, արտասահմանյան երկրների առաջադեմ փորձից, ինչն առավել բարձրացնում է նախադեպային որոշումների արժեբանական նշանակությունը` այդ կերպ նաև ազգային իրավական համակարգում սահմանելով մարդու իրավունքների երաշխավորման որակապես բարձր նշաձող։

Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանը մշտապես նպաստել է միջազգային և ազգային մարմինների միջև փոխադարձ համագործակցության և արդյունավետ երկխոսության զարգացմանը։ Որպես իրավակիրառ պրակտիկայի միասնականությունն ապահովող բարձրագույն դատական ատյան` իրավունքի գերակայության ապահովման հարցերում Վճռաբեկ դատարանն անընդմեջ սերտ և համընդգրկուն փոխգործակցություն է ծավալել ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ազգային պետական մարմինների հետ։ Դրա վառ ապացույցն է Վճռաբեկ դատարանի կողմից ինչպես միջազգային նշանակություն ունեցող հարցերով Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից խորհրդատվական կարծիքի հայցման կառուցակարգի գործադրումը, այնպես էլ ներպետական կարևոր նշանակություն ունեցող հարցերով մոտ մեկ տասնյակի հասնող դիմումների ներկայացումը ՀՀ Սահմանադրական դատարան։ Վճռաբեկ դատարանը կարևորում է համագործակցությունը պետական մարմինների ու միջազգային կառույցների հետ՝ փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության մթնոլորտում։

Վերահաստատելով իրավունքի գերակայության և զարգացման ապահովման, օրենքների կիրարկման միատեսակ սկզբունքների վրա հիմնված միջավայրի կերտման շարունակական ջանքերի գործադրման պատրաստակամությունը` Վճռաբեկ դատարանն իր սահմանադրաիրավական կարգավիճակին և առաքելությանը համապատասխան` հետագա գործունեության ընթացքում հավատարիմ է մնալու իր որդեգրած սկզբունքներին և իր դերակատարումն է ունենալու կանխատեսելի արդարադատության զարգացման, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովման գործում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել