Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կազանի նշանավոր գագաթնաժողովից (որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին մեկ քայլ էր բաժանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցումից) 10 տարի անց հրապարակել է իր հեղինակային հոդվածը 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։
Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջը։
Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ։
«2020-ի աշնանը Ադրբեջանի չարանենգ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ և այդ 44-օրյա պատերազմի արդյունքները ստիպում են մեկ անգամ ևս բարձրաձայնել հայկական դիվանագիտության այն մոտեցումները, որոնցով առաջնորդվում էր հայկական պետությունը և միջազգային մակարդակով ըմբռնում և աջակցություն ստանում մինչև 2018-ի ապրիլը:
2018-ին Երևանի և այլ քաղաքների փողոցներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք խրախուսվում էին ինչպես ներսից, այնպես էլ դրսից, Հայաստանում իշխանության բերեցին մարդկանց, որոնք իրենց անխոհեմ և անպատասխանատու գործողություններով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականորեն բարդ տարածաշրջանում գործարկեցին վառոդի տակառի ժամանակաչափը. տակառը պայթեցվեց 2020 թվականի սեպտեմբերին:
Ես կփորձեմ ներկայացնել բարդ դիվանագիտական աշխատանքի հիմնական պարամետրերը, որը նախորդել էր 2011 թվականի հունիսի 24-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանի գագաթնաժողովին, որը կարող էր դառնալ, բայց չդարձավ շրջադարձային կետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
Ի՞նչ նախորդեց Կազանի գագաթնաժողովին
Կազանի գագաթնաժողովին նախորդեց գրեթե երեք տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) և հատկապես Ռուսաստանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ ինտենսիվ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Տեղի են ունեցել իմ 14 հանդիպումները Ադրբեջանի նախագահի հետ՝ երկկողմ և եռակողմ (Ռուսաստանի նախագահի հետ համատեղ) ձևաչափերով, ինչպես նաև երեք տասնյակ հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով:
Բանակցությունների ընթացքում ծավալուն աշխատանք է տարվել հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման ուղղությամբ, որի նախագիծը համանախագահները կողմերին են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում: Այս քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք Կազանի գագաթնաժողովին եկանք հիմնովին համաձայնեցված նախագծով, որը պարունակում էր մի շարք էական փոփոխություններ՝ համեմատած 2007-ի Մադրիդյան նախնական փաստաթղթի հետ:
Մեջբերեմ այդ աշխատանքի ցուցիչ արդյունքներից մեկը. 2007թ. Մադրիդյան փաստաթղթում առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով։ Միևնույն ժամանակ, հղում էր կատարվում Արևմտյան Սահարայի հարցով միջազգային դատարանի 1975թ. խորհրդատվական եզրակացությանը, ինչը Բաքվում գնահատում էին որպես «նեվերենդում» անվանելու առիթ՝ նկատի ունենալով, որ այն երբեք չի կայանա, ինչպես և Արևմտյան Սահարայում:
Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը պնդում էր, որ ցանկացած դեպքում պլեբիսցիտը չի կարող պարտադիր ուժ ունենալ: Իսկ 2011թ. Կազանյան փաստաթղթում ոչ միայն անդրադարձ չկար Արևմտյան Սահարայի օրինակին, այլև շեշտվում էր, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը և կունենա իրավական պարտադիր բնույթ»: Այս ձևակերպումը գործնականում կանխորոշում էր, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, և դա բոլորը հասկանում էին:
Հակամարտություններով զբաղվող փորձագետները գիտեն, որ սեցեսիոն բնույթի հակամարտությունների ճնշող մեծամասնությունն ավարտվում է նորանկախ պետության լեգիտիմացմամբ ոչ թե այն պատճառով, որ նախկին մետրոպոլիան տալիս է իր համաձայնությունը, այլ ավելի շուտ այն պատճառով, որ միջազգային հանրության մակարդակով այդ հարցում կոնսենսուս է ձեռք բերվում: Եվ այդպիսի անջատման ամենաժողովրդավարական ճանապարհը հանրաքվեի անցկացումն է՝ կամքի ազատ արտահայտմամբ, որի հնարավորությանը մենք հասանք 2011 թվականին:
Հայաստանը բազմիցս շեշտել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել համապարփակ և երկարաժամկետ կարգավորման: Եվ դա արտացոլվեց Կազանյան փաստաթղթի նախաբանում, որտեղ նշվում էր խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագծի նախապատրաստման գործում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության մասին: Մադրիդյան տարբերակում այս դրույթը բացակայում էր:
Ավելին, եթե 2007-ի նոյեմբերի տեքստում առաջարկվում էր խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները սկսել երկու երկրների նախագահների կողմից հիմնական սկզբունքները հաստատվելուց անմիջապես հետո, ապա Կազանյան տարբերակում շեշտվում էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վրա աշխատանքները կսկսվեն բոլոր կողմերի կողմից Հիմնարար սկզբունքների հաստատումից հետո, այսինքն՝ դա ենթադրում էր հաստատում, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի կողմից: Համանախագահները հավատարիմ էին այս մոտեցմանը մինչ 2018-ի ապրիլը:
Դիվանագիտությունը գործընթաց է, որը չի հանդուրժում սնապարծներին և պոպուլիստներին: Երբ Հայաստանի պոպուլիստ նոր առաջնորդը 2018-ի մայիսին, համաժողովրդական աջակցությունից արբեցած, սկսեց հայտարարել, որ չի բանակցելու առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, համանախագահները դա որոշակի տարակուսանքով ընդունեցին: Իսկ այսօր, երբ Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր գոյություն չունի», Հայաստանի իշխանությունները լռում են՝ բերանները ջուր առած:
Կազանի փաստաթղթում կատարվել են շուրջ երեք տասնյակ այլ փոփոխություններ: Միանշանակ, այն մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց կարող էր կոնսենսուսային դառնալ թե՛ կողմերի, թե՛ երեք առաջատար տերությունների ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների համար:
Կարևոր է շեշտել, որ որպես կարգավորման հիմք պահպանվել են դեռևս Մադրիդում ներկայացված միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Առաջ անցնելով՝ ես կցանկանայի այստեղ հատուկ շեշտել, որ 2018թ. դեկտեմբերին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նոր իշխանությունները գնացին անհավատալի արկածախնդրության՝ երկրորդ պլան մղելով վերոհիշյալ երեք սկզբունքները և համաձայնելով լուծել հակամարտությունը վերացական «արդարության սկզբունքի» հիմքով, ինչով փաստացի խաչ քաշեցին 2000-ականների սկզբից տարվող ամբողջ դիվանագիտական աշխատանքների վրա և մոտեցրին 2020թ. պատերազմը:
Կազանի գագաթնաժողովին նախորդող երեք տարիների ընթացքում, ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Լ’Աքվիլայում, Մուսկոկայում և Դովիլում ընդունվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնգակողմ հայտարարությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հայտարարությունները Մայնդորֆում, Աստրախանում և Սոչիում: Մենք ողջունեցինք այս բոլոր հայտարարությունները և պատրաստակամություն հայտնեցինք շարունակել բանակցությունները կարգավորման շուրջ՝ դրանցում պարունակվող առաջարկությունների հիման վրա: Միջազգային միջնորդների շրջանում որոշակի դրական ակնկալիքներ դրսևորվեցին:
Ո՞վ ձախողեց Կազանի գագաթնաժողովը
Կազանում գագաթնաժողովն անցկացվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, իսկ նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին օգտագործեցին իրենց ողջ քաղաքական կշիռը՝ զորակցություն հայտնելով գալիք գագաթնաժողովին: Դրանից մեկ ամիս առաջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները մայիսի 26-ին Դովիլի գագաթնաժողովում հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին Կազանի հանդիպմանը «ավարտին հասցնել» կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի մասին համաձայնագիրը, «պատրաստել ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի», որով միանշանակ զգուշացնում էին Բաքվին (ինչպես նաև Անկարային, որը բացահայտորեն իր կրտսեր դաշնակցին դրդում էր առճակատման): Այստեղ, իհարկե, պետք է հատկապես նշել Դ.Ա.Մեդվեդևի և Ս.Վ. Լավրովի ջանքերը, որոնք առավելագույն հետևողական ջանքեր գործադրեցին` փորձելով կողմերի դիրքորոշումները մերձեցնել, գտնել ընդունելի ձևակերպումներ:
Կազանում ներկայացված տեքստը գործնականում արդեն համաձայնեցված էր կողմերի միջև, և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հունիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ուղղված նամակում նշում էր, որ, ինչպես պայմանավորված է, առաջիկա հանդիպմանը կողմերը նոր փոփոխություններ չեն առաջադրելու Հիմնարար սկզբունքների տեքստում:
Նախագահ Օբաման հունիսի 23-ին իմ և Ի. Ալիևի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նույն օրը մեզ ուղարկած գրավոր ուղերձներում մեզ հորդորում էին հավանություն տալ Կազանում ներկայացված փաստաթղթին: Կազանի հանդիպման նախօրեին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ես հայտարարեցի, որ Կազանում դրական արդյունքներ կարելի է ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի:
Չնայած միջազգային հանրության մեծ սպասումներին՝ Կազանի գագաթնաժողովի ժամանակ չհաջողվեց բեկման հասնել, քանի որ վերջին պահին Ի. Ալիևը տասից ավելի փոփոխություններ առաջարկեց՝ հիմնականում արդեն համաձայնեցված տեքստում։ Դա նշանակում էր նախորդ երեք տարիների ինտենսիվ աշխատանքի ձախողում։ Կազանում Ադրբեջանը փաստացի մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը։ Միջազգային միջնորդները լրջորեն հիասթափված էին Բաքվի այդօրինակ մոտեցումից և Ալիևից հարցնում էին, թե ինչպես նա կարող է, արդեն որերորդ անգամ, հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը չէր ամրապնդում նրա դիրքերը բանակցային գործընթացում, այլ հակառակը։
Եվ պատահական չէ, որ համանախագահների ու Հայաստանի մոտեցումները ավելի ու ավելի համահունչ էին դառնում, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք։ Միջազգային հանրությունն ու Հայաստանը գործնականում սկսել էին խոսել նույն լեզվով. խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ու իրացման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի։
Կազանից հետո
Չնայած Կազանում Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների մերժմանը՝ համանախագահ երկրները և հատկապես Ռուսաստանը շարունակում էին լուծումներ գտնելուն միտված ակտիվ աշխատանքը կողմերի հետ:
2011 թվականից հետո՝ մինչև 2018 թվականը, շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները. 10 գագաթնաժողով, արտգործնախարարների երեք տասնյակից ավելի հանդիպումներ, համանախագահների տասնյակ ուղևորություններ դեպի Բաքու, Ստեփանակերտ և Երևան: Ընդ որում, Կազանյան փաստաթղթում առկա բոլոր տարրերը, որոնք վերաբերում էին վերջնական կարգավիճակին, միջանկյալ կարգավիճակին, անվտանգության երաշխիքներին, միջանցքին և այլ դրույթներին, չնայած ադրբեջանական կողմի դժգոհությանը, միջազգային միջնորդների պնդմամբ մնում էին բանակցային գործընթացի կենտրոնում։
Փաստացիորեն, նաև Կազանից հետո ձախողվելով դիվանագիտական ճակատում ՝ Ադրբեջանը գնաց հակամարտության գոտում լարվածության սրման՝ հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանա ստիպել հայկական կողմերին պակաս պահանջկոտ լինել կամ էլ հրահրել միջնորդների ճնշումը Հայաստանի նկատմամբ։ Այդ փուլի գագաթնակետը դարձան 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ագրեսիվ գործողությունները՝ շփման գծի ողջ երկայնքով։ Հաջորդիվ, երբ նաև այս ագրեսիան ձախողվեց և ռազմական գործողությունների չորրորդ օրը Բաքուն Մոսկվայի միջոցով հրադադար խնդրեց, ադրբեջանական դիվանագիտությունը փորձում էր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ կենտրոնակայաններում առաջ քաշել այն գաղափարը, թե իբր հրադադարի բանավոր պայմանավորվածությունը իրենից ներկայացնում էր «նոր համաձայնագիր»՝ գործընթացի լուսանցքում թողնելով Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։
Չգիտես ինչու, Հայաստանի ընդդիմադիրները, որոնք այսօր գտնվում են իշխանության ղեկին, մեզ մեղադրում էին նույն բանում։ Եվ հետագայում 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին ադրբեջանական խոսույթը հայկական քաղաքական դաշտ բերելու փորձերը, չգիտես ինչու, դարձան նոր իշխանությունների հիմնական նպատակը։ Հատկանշական է, որ համանախագահները միանգամից արձագանքեցին՝ պաշտոնական նամակներ ուղղելով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ քարտուղարություններ, հետագայում նաև մի շարք համատեղ հայտարարություններ անելով, որոնցում ընդգծվում էր, որ 2016-ի բանավոր համաձայնությունը ոչ միայն չի չեղարկում 1994-95թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ անժամկետ համաձայնագրերը, այլև հրամայական է դարձնում դրանց անվերապահ կատարումը։
Այսպիսով, 2016-ի ապրիլյան պատերազմը նույնպես Ադրբեջանին չմոտեցրեց իր նպատակին ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական առումով: Նրանց չհաջողվեց ուժային միջոցներով պարտադրել իրենց մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում: 2016-ի մայիսին Վիեննայում, 2016-ի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետագա բազմաթիվ հայտարարությունները վերահաստատում են դա:
Ադրբեջանը բանակցային գործընթացում իրեն ավելի ու ավելի էր փակուղի մտցնում։ Ընդ որում, հրադադարի բազմակի խախտումների, բանակցային գործընթացը տորպեդահարելու միջոցով Ադրբեջանը պարբերաբար Երևանին հրահրում էր հրաժարվել բանակցություններից, որպեսզի խաղաղ գործընթացի տապալման մեղքը գցի Հայաստանի վրա։ Սակայն ադրբեջանական կողմին դա ոչ մի կերպ չէր հաջողվում։ Թվում էր՝ Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։ Մյուս կողմից՝ մեկ անգամ չէ, որ Հայաստանը հրապարակավ հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների հիման վրա։
Ես բազմիցս բարձրաձայնել եմ (օրինակ՝ համաշխարհային առաջատար բուհերի հայ շրջանավարտներին ուղղված նամակում), որ 2018-ին ինքս ինձ համար բարդ որոշում եմ կայացրել մնալ իշխանության ղեկին՝ վարչապետի կարգավիճակով և ընթացող բանակցային գործընթացը հասցնել «արժանապատիվ հանգուցալուծման»։ Պատրաստ լինելով ինձ վրա վերցնելու պատմական պատասխանատվություն՝ ես ուզում էի հաջորդ սերունդներին թողնել անվտանգ և ծաղկուն, հարևանների հետ խաղաղության մեջ ապրող երկու հայկական պետություն։ 2018թ. գարնանը մենք դրա համար ունեինք բոլոր նախադրյալները. առկա էր համանախագահների հետ փոխըմբռնում, համանախագահների հովանու ներքո մշակված փաստաթղթեր, որոնք ճանապարհ էին հարթում դեպի ողջամիտ և արժանապատիվ փոխզիջում, և ամենակարևորը՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին ժողովրդի միասնական կամքը։
Սակայն անպատասխանատու պոպուլիստներն ու նրանց արտասահմանյան հովանավորները, որոնք մինչև հիմա մեր ժողովրդի մի մասին մոլորության մեջ են պահում, այդ ժամանակ կարողացան կաթվածահար անել մեր պետականության հիմքերը, թուլացնել երկիրը և 2018-ի ապրիլ-մայիսի կեղծ հեղափոխական փողոցային բողոքի ալիքի վրա խորապես պառակտել մեր հասարակությունը։ Իսկ դա միանգամից նոր շունչ հաղորդեց Ադրբեջանի դիվանագիտությանը այնպիսի պայմաններում, երբ թվում էր, թե Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։
Սկսած 2018թ. մայիսից՝ Հայաստանի նոր իշխանության կոպտագույն դիվանագիտական վրիպումների, անխոհեմ հայտարարությունների ու գործողությունների արդյունքում իրավիճակը սկսվեց փոփոխվել ոչ հոգուտ Երևանի, որը միջազգային հանրության աչքերում սկսեց դիտարկվել որպես բանակցային գործընթացի ապակառուցողական կողմ։ Բաքուն ստացավ այն, ինչ իրեն չէր հաջողվում տասնամյակներ շարունակ՝ որպես կազուս բելլի (casusbelli – պատերազմի առիթ) Հայաստանին մեղադրել բանակցություններից հրաժարվելու մեջ։
Ես բազմիցս խոսել եմ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքների, դրանում պարտության պատճառների մասին, այն մասին, թե ինչու հնարավոր չեղավ կանխել, դադարեցնել այն, ռազմական հրեշավոր սխալների մասին, բայց դրա խոր ուսումնասիրությունն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի որոնումը առանձին թեմա է:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին անկյունաքարային խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցի լուծման։ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կարգավորման համար միջնորդության միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ հանդիսացող համանախագահների 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարությունը ճիշտ ուղղությամբ շատ կարևոր ազդանշան է։
Միջազգային հանրությունը չպետք է ճանաչի թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլ պետք է ջանքեր գործադրի հասնելու համար իրական, համապարփակ և երկարաժամկետ կարգավորման:
Հայաստանի ներկա ղեկավարությունը, որն իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ամեն ինչի, փորձում է իր անխոհեմ գործողությունների արդյունքում Հայաստանի ու Արցախի կրած հսկայական, ողբերգական կորուստների պատասխանատվությունը գցել «նախկինների», համանախագահների, Աստված գիտի, թե էլ ում վրա։ Ակնհայտ է, որ այս իշխանությունների վրա հնարավոր չէ դնել ստեղծված իրավիճակից դուրս գալու, առավել ևս մեր ժողովրդի և պետության ապագայի պատասխանատվությունը։
Որոշ ուժեր՝ առաջին հերթին ադրբեջանաթուրքական տանդեմը, փորձում են առավելագույնս կապիտալիզացնել Հայաստանի և Արցախի դեմ վերջին ագրեսիայի հետևանքներն ու արդյունքները, հայ հասարակությանը պարտադրել, այսպես կոչված, «նոր իրողությունները»՝ որպես տարածաշրջանում կայացած փաստ։ Սակայն Հարավային Կովկասի ապագան, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատումը չեն կարող կառուցվել հայ ժողովրդի ազգային շահերի անտեսման վրա։ Հայաստանի գործող իշխանությունների համար, որոնք սեփական դիրքերը պահպանելու համար Հայաստանն ու Արցախը դարձրել են տարածաշրջանում սակարկությունների առարկա, սա երկրորդական է թվում։ Սակայն Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայերի, մեր ժողովրդի համար սա առաջնային խնդիր է»։