Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին:
Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի գիտակրթական ներուժի բարձրացմանը, ՀԱԱՀ և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ու պետական կառավարման մարմինների միջև համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր:
Պետական նախարարը գոհունակությամբ ընդգծել է Արցախի հանդեպ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգածությունը, ինչն արտահայտվում է հատկապես մասնագիտական կրթության զարգացման ու գյուղատնտեսության արդիականացման գործում:
Այդ համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել գործուն քայլեր ձեռնարկել հետպատերազմյան Արցախում ագրարային մասնագետների վերապատրաստման և ծրագրերի մշակման ուղղությամբ: