Երբեմն թվում է, թե այնքան հեշտ է գազ մատակարարող երկրների հետ պայմանավորվել և էժան գազ մատակարարել Հայաստանի Հանրապետություն: Աշխարհի որևիցե մի երկրի համար այս խնդիրը լուծելը հեշտ չէ: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության նոր ծրագրի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այս խնդրի լուծումը իր մեջ պարունակում է բազմաթիվ-բազմաթիվ գործոններ, և այսօր ՀՀ կառավարությունը օգտագործում է իր բոլոր լծակները, որպեսզի գազը, որը մատակարարվում է ՀՀ տնտեսությանը, լինի առավել ցածր գներով»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ Ազգայի ժողովի նախագահի հետ պայմանավորվել են, որ Ազգային ժողովում լինելու են լսումներ հենց այս հարցի կապակցությամբ, և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ինչպես նաև Հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող հանձնաժողովի ղեկավարը կներկայացնեն մտահոգող բոլոր հարցրերի պատասխանները:
«Ուզում եմ ավելացնել, որ այսօր քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցությունները շարունակվում են Ռուսաստանում, որի նպատակն է գտնել լուծելի որոշումներ խնդրի վերաբերյալ»,- հավելեց վարչապետը:
Իրավաբան.net-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կառավարությունը կսուբսիդավորի գազի թանկացման 30 %-ը:
Իրավաբան.net