«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
««5165» շարժումը նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը՝ հունիսի 14-ին, Սյունիքում էր։ Գորիսում շարժման անդամները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթները, որտեղ առաջնահերթությունը տրված է անվտանգության ամրապնդմանն ու Զինված ուժերի վերականգնմանն ու արդիականացմանը:
Կարին Տոնոյանը գորիսցիներին բաժանեց իր կողմից գրված նամակը՝ կոչ անելով անմասն չմնալ ներկայիս գործընթացներից, պարտադիր մասնակցել ընտրություններին և չթողնել, որ մեր զավակների ապագան որոշեն մեր փոխարեն: Անհատական զրույցներում քաղաքացիները Կարին Տոնոյանին ներկայացրին քարոզարշավի ընթացքում հնչող ատելության խոսքի նկատմամբ իրենց անհանդուրժողականությունը՝ խնդրելով իմաստուն կոչով կասեցնել անթույլատրելի բառամթերքի տարածումը։
Հանդիպումների հաջորդ կանգառը Կապան քաղաքն էր, որտեղ «5165» շարժումը քարոզարշավն իրականացրեց մշակութային միջոցառման ձևաչափով։ Ելույթ ունենալով սյունեցիների առաջ Կարին Տոնոյանը ասաց.
«Մեր դիմաց հիմա Խուստուփ լեռն է, որն ինձ համար միշտ եղել է սրբազան լեռ: Ես դպրոցում երկար տարիներ Նժդեհի գաղափարախոսությունն եմ սովորեցրել, իսկ Սյունիքն ինձ համար միշտ եղել է չափանիշը նրա, որ եթե անգամ մեկ հոգի ամուր կանգնի, ապա կարող է պահել այս լեռնաշխարհը:
Այսօր մեզ փորձում են կոտրել, բայց մենք հիշում ենք, թե Նժդեհն ինչպես եկավ Սյունիք, զինեց բնակիչներին ու պահեց Սյունիքը: Հիմա դժվար ընտրություն է սպասվում, սա հերթական ընտրությունը չէ, որտեղ 5 տարով ղեկավար ենք ընտրում, սա Հայաստանի լինելու և չլինելու խնդիրն է: Ապագայում պետք է ունենալ հայրենիք, որտեղ որդիները չեն զոհի իրենց կյանքը, այլ նրանք հայրենիքին պիտի ծառայեն իրենց գործով, խելքով ու նվիրումով»:
Սյունիք կատարած այցի ավարտին Կարին Տոնոյանն ու թիմակիցները եղան նաև հազարամյա պատմություն ունեցող, Կապան քաղաքի բարձունքում գտնվող Վահանավանք եկեղեցական համալիրում»։