ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ հունիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Հայ ազգային կոնգրեսի» կարգախոսին. Լրջանալու պահը:
«1997 թվականին մենք այս պահը կորցրինք: Հիմա նույն խնդրի առաջ ենք կանգնել, եթե այս պահն էլ կորցնենք՝ Հայաստանին շատ վատ բաներ են սպասվում, այսքան բան»,-նշեց նա:
Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին ՀԱԿ ներկայացուցիչներ Վլադիմիր Կարապետյանի և Գագիկ Ջհանգիրյանի գործող իշխանությանը միանալը համարեց՝ «առնետավազք, էլեմենտար ճամբարափոխություն»:
«1994 թվականի հաղթանակը ես ամրագրված հանձնել եմ մյուս իշխանություններին: Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում չպետք է ինձ թույլ տային այդ ծրագիրն իրականացնել, եթե ես դա անեի կսկսվեր քաղաքացիական պատերազմ և դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»,-ասաց նա:
Լևոն Տեր-Պետրոսյանը այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը իր շնորհիվ են եկել ասպարեզ, պատասխանեց:
«Ես ոչ իրենց ծնողն եմ, ոչ էլ ծնողական ժողովի նախագահը: Իրենք իրենցով են դարձել այդպիսի դեմքեր: Ես չեմ ծնել ոչ մեկին»,-նշեց նա:
1-ին նախագահը՝ հարցին, թե Նիկոլ Փաշինյանից և Ռոբերտ Քոչարյանից ո՞ւմ կընտրեր վարչապետ՝ պատասխանեց. «Գիր-ղուշ կգցենք, կորոշենք: Դա հիմիկվա խոսելու բան չէ: Եթե ստեղծվի նման իրավիճակ կփորձենք սխալ որոշում չկայացնել»: