Ինչպե՞ս է ապահովվում դատապարտյալների կապը ընտանիքի անդամների հետ

Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու նպատակով:

Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Համատեղ բնակվելու իրավունքով և միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա: Դատապարտյալի խնդրանքով երկարատև տեսակցությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:

Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն:

Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Ծանրոցները, հանձնուքները, փաթեթներն ու նամակներն ուղարկելու և ընդունելու, ինչպես նաև դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, օգտվելու կարգը և քանակը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել