Վերահաշվարկ կարվի գազի պայթունի պատճառով կերակրողին կորցնելու հետևանքով՝ մորը և դստերը վճարվող փոխհատուցման չափը

 Ա.Գրիգորյանը հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Հայգազարդ» ՓԲԸ` վնասի հատուցման պահանջի մասին:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Հայցվոր, ը դիմելով դատարան հայտնել է, որ 1998թ-ի դեկտեմբերի 3-ին Ջերմուկ քաղաքի «Արարատ» առողջարանում տեղի ունեցած գազի պայթունի պատճառով զոհվել է ամուսինը` Ա.Կարապետյանը։ Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 13.04.1999 թվականի դատավճռով «Հայգազարդ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ դատապարտվել են ազատազրկման։ Ա.Կարապետյանը մինչև զոհվելը աշխատել է Քաջարանի Պղնձա մոլիբդենային կոմբինատում, որպես լիցքավորող, ամսական միջին 37 106 դրամ աշատավարձով և ընտանիքի միակ կերակրողն էր։ Նրա մահից հետո` 1999թ մարտի 5-ին ծնվել է Ա.Կարապետյանի աղջիկը` Մ.Կարապետյանը։

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2001թ-ի դեկտեմբերի 21-ին նիստում վճռվել է «Հայգազարդ» ընկերությունից հօգուտ իրեն և իր անչափահաս երեխայի` Մ.Կարապետյանի յուրաքանչյուր ամիս բռնագանձել 24 738 դրամ, որպես կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված վնասի հատուցում։ Պատասխանողը պատշաճորեն կատարել է դատարանի վճռի պահանջները։ Սակայն կյանքը թանկացել է և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1084 հոդվածի` «կապված կյանքի թանկացման և նվազագույն աշխատավարձի բարձացման հետ» պահանջները «Հայգազարդը» վերահաշվարկ չի կատարել, չի պահպանել 1082 հոդվածի 3-րդ կետի պահանջները։

Հայցվորի ներկայացուցիչը ներկայացնելով հայցադիմումի լրացում խնդրել է պատասխանող «Հայգազարդ» ՓԲԸ-ից հօգուտ Ա.Գրիգորյանի և նրա անչափահաս երեխայի բռնագանձել վերջին երեք տարվա չվճարած գումարը, որը կազմում է 3 309 400 ՀՀ դրամ և յուրաքանչյուր ամիս սկսած 2013 թվականի հունվարից 116 666 ՀՀ դրամ` որպես կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված վնասի հատուցում։

Դատարանն անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.12.2001թ. վճռին, որպես նոր կայացվելիք դատական ակտի համար նախադատելիության հիմք` անհրաժեշտ է համարել նշել, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճռով գտել է, որ ՀՀ քաղ. օրենսգրքի 1072-րդ, 1082-րդ, 1079-րդ հոդվածների կարգով պատասխանող կազմակերպությունից հօգուտ Ա.Գրիգորյանի պետք է բռնագանձել յուրաքանչյուր ամիս 24 738 ՀՀ դրամ, հաշվի առնելով, որ հանգուցյալի միջին աշխատավարձը կազմում է 37 106 ՀՀ դրամ, մինչև երեխայի 18 տարին լրանալը։ Այսինքն, Վերաքննիչ դատարանի վճռով արդեն իսկ հաստատվել է այն փաստը, որ Մ.Կարապետյանը հետագայում ունի փոխհատուցման իրավունք, որը պետք է կատարվի ելնելով մահացածի միջին աշհատավարձի այլ ոչ թե ՀՀ նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունից, որով էլ միևնույն ժամանակ հերքվում է. «ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի կողմից տրված Ա.Գրիգորյանի կերակրողին կորցնելու համար հաշվարկված վնասի փոխհատուցման տեղեկանքը, ըստ որի 1999-2005թթ. հաշվարկը կատարված է ՀՀ նվազագույն աշխատավարձի չափի սահմանման վերաբերյալ օրենքի և նրանում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների հիման վրա։

Դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման վերահաշվարկին, գտնում է որ գործում առկա է ՀՀ Սյունիք Քաջարան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի, գլխավոր հաշվապահի կողմից 20.08.2012թ. տրված տեղեկանքը, ըստ որի «ԶՄՊԿ» ՓԲԸ-ի աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 2004թ.-ին 68000, 2005թ-ին 75000, 2006թ-ին 76000, 2007թ-ին 100000, 2008թ-ին 117000, 2009թ-ին 127000, 2010թ-ին 175000, 2011թ-ին 175000, 2012թ-ին 175000 ՀՀ դրամ։ Հիմք ընդունելով վերոնշյալ տեղեկանքը` և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը դատաքննության ընթացքում փոփոխել է սկզբնական պահանջը` փոխհատուցման սկզբնական պահանջի ժամկետ սահմանելով 2010թ, ուստի Դատարանը գտնում է, որ վերահաշվարկը ենթակա է կատարման սկսած 2010թ. ՀՀ Սյունիք Քաջարան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատողի միջին աշխատավարձի 2/3-ի չափով։ Դատարանը հաշվարկը հիմնավորում է այն հանգամանքով, որ Վերաքննիչ դատարանը Մ.Կարապետյանին հատուցում տրամադրել է Ա.Կարապետյանի միջին աշխատավարձի 2/3- չափով։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել։ Պատասխանող «Հայգազարդ» ՓԲԸ-ից հօգուտ Ա.Գրիգորյանի և նրա անչափահաս երեխայի` Մ.Կարապետյանի բռնագանձել վերջին երեք տարվա համար չվճարած գումարը` 3 309 400 ՀՀ դրամ (երեք միլիոն երեք հարյուր իննը հազար չորս հարյուր) և յուրաքանչյուր ամիս սկսած 2013 թվականի հունվարից մինչև երեխայի` Մ.Կարապետյանի չափահաս դառնալը` 116 666 ՀՀ դրամ (մեկ հարյուր տասնվեց հազար վեց հարյուր վաթսունվեց), որպես կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված վնասի հատուցում։

Ներկայումս սույն գործով պատասխանողը բերել է վերաքննիչ բողոք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել