Գործով պատասխանողը դեռևս տեղյակ չէ, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն իր դեմ գումարի բռնագանձման հայց է ներկայացրել

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գոհար Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Հայցվոր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողը հանդիսացել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի GSM շարժական կապի հետվճարային համակարգի բաժանորդ, նաև կնքել է Ընկերության կողմից տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր, որով վերջինիս ամսական կտրվածքով հավասարաչափ մասերով վճարելու պայմանով տրամադրվել է Netbook HP Mini 5103 2GB/250 և USB modem MF 100: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից պատասխանողին մատուցված հեռախոսակապի ծառայությունների և տրամադրված սարքավորման դիմաց պատասխանողը չի վճարել, ինչի հետևանքով նրա դրամական պարտավորությունը հայցվոր կազմակերպության հանդեպ կազմում է 296.333 ՀՀ դրամ:

Պատասխանող Գոհար Ղազարյանին Դատարանի կողմից ուղարկված ծանուցումները վերադարձվել են Դատարան:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով` Դատարանը պատասխանողի ծանուցումն իրականացրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի միջոցով:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից հայտնվել է, որ պատասխանողի վերջին բնակության վայրի մասին տեղեկություններ չկան:

Դատարանը նախ անդրադարձել է պատասխանողի ծանուցված չլինելու հարցին:
Դատարանը գտել է, որ յուրաքանչյուր անձի պարտականությունն է հաշվառվել իր բնակության վայրում: Դատարանը ձեռնարկել է ողջամիտ միջոցներ հաշվառման վայրում անձին հայտնաբերելու ուղղությամբ, ինչը արդյունք չի տվել: Ուղարկված ծանուցագրերը վերադարձվել են դատարան, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրել է, որ պատասխանողի վերջին բնակության վայրի մասին տեղեկություններ չկան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ անձը ինքը պետք է հետամուտ լինի իր իրավունքների պաշտպանությանը, ինչը, դատարանի կարծիքով, ի թիվս այլոց, նշանակում է այնպիսի վարքագիծ, որը անհնար չի դարձնում անձի իրավունքների ապահովումը: Եվրոպական դատարանը, այն պարագայում, երբ անձի բնակության վայրը հնարավոր չի եղել պարզել հասցեն անհայտ լինելու պատճառով, չի դիտել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում և իր որոշման մեջ նշել է, որ դատավարությունները անժամանակ հետաձգելը որպեսզի պարզվի դատավարության մեջ ներգրավված որևէ անձի հասցեն, պետք է համարվի անհամատեղելի իրավական որոշակիության և դատավարության նորմալ վարչարարության տեսակետից (Նունես Դիասն ընդդեմ Պորտուգալիայի, ընդունելության որոշում թիվ 69829/01, 10.04.2003):

Դատարանի գնահատմամբ՝ իրացված դյուրակիր համակարգիչների գումարի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի մասին թիվ 115557484 պայմանագրի 1.1 կետը, որում պետք է նշված լիներ համակարգչի անվանումը, մոդելը, սերիան և այլ տեխնիկական պայմանները, ինչպես նաև գինը, լրացված չէ:

Դատարանը գտել է, որ 174.500 ՀՀ դրամը հենց վերը նշված պայմանագրով նախատեսված գումարն է, որը պետք է վճարվեր տարաժամկետ վճարման պայմանով` ամսական կտրվածքով հավասարաչափ մասերով: Սակայն դատարանը գտել է, որ կողմերի միջև կնքված Իրացված դյուրակիր համակարգիչների գումարի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի մասին թիվ 115557484 պայմանագիրը չկնքված համարելու պարագայում Դատարանը չի կարող հիմք ընդունել վերը նշված փաստաթղթերը, որպեսզի հիմնավորված համարի հայցվորի պահանջը:

Սույն գործով դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի: Պատասխանող Գոհար Ղազարյանից հօգուտ հայցվոր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բռնագանձել 121.833 (հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ` որպես 2011թ. ապրիլից սեպտեմբեր ամիսների համար չվճարված հաշիվների գումար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հայցապահանջը ընդդեմ Գոհար Ղազարյանի` 174.500 (հարյուր յոթանասունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի մասով, մերժել:

Ներկայումս սույն գործով հայցվորը բերել է վերաքննիչ բողոք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել