Մինչ օրս 3500-ից ավել դիակի և դիակի մասունքների փորձաքննություն է կատարվել. փորձագետ

Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ, դատաբժշկական փորձագետ Արմեն Գևորգյանը այսօր՝ հունիսի 4-ին, ասուլիսի ժամանակ ասաց, որ մինչ օրս 3500-ից ավել դիակի և դիակի մասունքների փորձաքննություն է կատարվել:

«Մենք կարողացանք անցկացնել բարդագույն փորձաքննություններ, քանի որ զինվորների դիերը ամբողջովին մասնատված, աուտորիկ նեխային կազմափոխության ենթարկված էին»,-նշեց դատաբժշկական փորձագետը:

Նա ասաց, որ պատերազմի առաջին օրից ձեռնամուխ են եղել դիերի պահպանման համար սառնարանների ձեռք բերմանը:

«Իմ անձնական նախաձեռնությամբ Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքում, այո՛, հպարտությամբ եմ ասում, որ վերցրել ենք, միգուցե դա նախատեսված է մրգի պահպանության համար, բայց եղել են եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխան սառնարանային համակարգ, ի փառս այդ համակարգի տիրոջ, կարող եմ ասել, որ առանց որևէ շահի տրամադրեց իր սառնարանային համակարգը մեր զինվորների դիակները պահելու, պահպանելու համար»,-նշեց Արմեն Գևորգյանը:

Փորձագետն ասում է, որ բոլոր դիերում ճանճեր և որդեր կային, քանի որ իրենք գործ չեն ունեցել թարմ, նոր դիերի հետ, թարմ դիեր եղել են միայն պատերազմի առաջին 1-2 օրը:

«Դիերը բերվել են մեզ մոտ ծայրահեղ ծանր աստիճանի աուտորիկ նեխման, կազմափոխման, փափուկ հյուսվածքների և ներքին օրգանների բացակայությամբ, ամբողջովին որդերով, թրթուրներով պատված դիեր: Մենք ոչ մի բանի առաջ չենք կանգնել, կատարել ենք դատաբժշկական փորձաքննություն»,-ասաց փորձագետը:

Նա նշեց, որ իրենք իրավունք չեն ունեցել քիմիական նյութով մշակել դիերը, քանի որ մեծ մասը դեռ ճանաչված չի եղել, նաև չեն պահել դիերը բացասական ջերմաստիճանի տակ, քանի որ դրանից հետո դիերից գենետիկ ուսումնասիրության համար փորձանմուշ  հնարավոր չի լինի վերցնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել