Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ շոշափելի ձեռքբերում չկա՝ կապված ադրբեջանական զինվորականների ՀՀ տարածք մուտք գործելու հետ:
«Անվտանգության դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի գործընթացը տեղի ունենա առանց որևէ կրակոցի, որոհետև լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, ոչ ոքի պետք չէ տարածաշրջանում, հատկապես Հայաստանի Հանրապետությանը»,-նշեց նա:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ սահմանների ճշգրտման գործընթացը կապ չունի արդբեջանական զինված ուժերի հետ քաշման հետ, դա երկարատև, իրավական, դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների միջև պրոցես է և կարող է տևել տարիներով:
Նա նշեց, որ այս պահին ինտենսիվ բանակցություններ են գնում՝ ՌԴ-ի միջնորդությամբ:
«Զնգեզուրի կամ որևէ այլ միջանցքի մասին երբևէ, որևէ մակարդակով ՀՀ պաշտոնյաները քննարկումներ չեն արել, չեն անելու, դա որևէ փաստաթղթում նշված չէ և չի նշվելու»,-ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: