Հանրապետության նախագահը մայիսի 17-ին ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը։
Իրավաբան.net-ի հետ զրույցում, Legal Alliance իրավաբանական ընկերության հետ համագործակցող փաստաբան Վարդանուշ Կավալյանը նշեց, որ համաներումը կիրառելի է 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից և կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, եթե նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ:
Եթե Դուք գտնվում եք հետախուզման մեջ, և Ձեր նկատմամբ ընտրված է կալանքի ձևով խափանման միջոց, ապա.
-անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ տարածք (2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ).
-մուտք գործելուց հետո կարճ ժամանակով վերցվելու եք արգելանքի և ներկայացվելու եք վարույթն իրականացնող մարմին.
-կարճ ժամկետում վարույթն իրականացնող մարմինը կլուծի Ձեր նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը, և, ըստ այդմ, Դուք հնարավորություն կունենաք ազատվել արգելանքից և գտնվել ազատության մեջ.
-Համաներման օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում իրավասու մարմինը Ձեր նկատմամբ կկիրառի համաներումը:
Փաստաբանի խոսքով՝ գործընթացի տևողության ժամկետ սահմանված չէ և դրա տևողությունը կախված է լինելու յուրաքանչյուր առանձին վերցրած գործից:
«Մեր մատուցած ծառայության շնորհիվ շահառուն՝ տրամադրելով լիազորագիր, մինչև Հայաստան մուտք գործելը, կարող է իմանալ իր գործի ընթացքի մասին։ Նման դեպքում մենք կապ ենք հաստատում և հարցումներ կատարում` իրավասու պատկան մարմիններ, շահառուին իրավական ուղեկցում ենք ապահովում նաև օդանավակայանում, ինչպես նաև միջնորդություն ենք ներկայացնում՝` արգելանքի հարցը հնարավորինս արագ լուծելու համար»,-նշում է Կավալյանը։
Մասնագետը նաև հավելում է, որ փաստաբանի մասնակցությունը կօգնի արագացնել գործընթացը, օպերատիվ կերպով լուծել խափանման միջոցի կիրառման հարցը և վերջնականորեն լուծել շահառուի նկատմամաբ համաներման կիրառման հարցը։
Համաներման վերաբերյալ այլ մանրամասներ՝ այստեղ։
Տեղեկացնում ենք նաև, որ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը պատրաստ է իրավաբանական օգնություն ցույց տալ նշված օրենքի հետ առնչվող քաղաքացիներին և նրանց, ում նկատմամբ կիրառելի են համաներման կետերը։ Մանրամասների համար զանգահարել +374 55 003216 հեռախոսահամարով։