Կարեն Բ.-ին Գեղարքունիքի մարզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելու հանցափորձի մեջ (Քր. օր. 34-131 Մաս 2 Կետ 2) և մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (Քր. օր. 147 Մաս 2):
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` Կարեն Բ.-ն 2012թ. հոկտեմբերի 30-ին ամուսնության նպատակով Նարինե Կ.-ի առևանգելու համար գնացել է Գավառ քաղաքում գտնվող աղջկա բնակարան և նրանից պահանջել է դուրս գալ տնից:
Տղան հայտարարել է, որ եկել է աղջկա կամքին հակառակ իր հետ տանելու: Նարինեն մերժել է Կարենի առաջարկը: Այդ ժամանակ տղան մտել է աղջկա բնակարանին կից անասնագոմ և այնտեղից վերցնել մետաղյա խողովակ, ապա բռնություն գործադրելու սպառնալիքով ասել է, որ եթե Կարինեն իր հետ ինքնակամ չգնա, ապա նրան, նրա կամքին հակառակ կտանի իր հետ, հակառակ դեպքում՝ կսպանի նրան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարենն այնուհետև ապօրինի մուտք է գործել ուրիշի բնակարան Նարինեին բացահայտ առևանգելու նպատակով: Տղան երկաթյա խողովակով կոտրել է բնակարանի խոհանոցի պատուհանի և մուտքի դռան ապակիները, ոտքով հարվածելով բացել է բնակարանի մուտքի դուռը և Նարինեի և վերջինիս մոր՝ Մարինեի կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել նրանց բնակարանի միջանցք:
Նարինեն ու նրա մայրը պաշտպանվելու նպատակով մտել են բնակարանի հյուրասենյակ և փակել դուռը, որի ընթացքում կատարվածի մասին ահազանգել են ոստիկանության Գավառի բաժին: Այդ ժամանակ Կարենը, հարվածելով հյուրասենյակի դռանը, փորձել է մուտք գործել բնակարանի հյուրասենյակ, որպեսզի Նարինեին, նրա կամքին հակառակ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ որ կսպանի, ամուսնության նպատակով բացահայտ առևանգել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում տղան չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել:
Նարինեի ահազանգի հիման վրա նրանց տուն են գնացել ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները և, բռնելով Կարենին, բերման են ենթարկել ոստիկանության Գավառի բաժին:
Կարեն Բ.-ն կալանավորված է: Մարտունու դատարանում շարունակվում է գործի դատաքննությունը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: