ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նա հայտնել է, որ իրավիճակը մանրամասն կերպով քննարկման առարկա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի մայիսի 19-ի նիստում:

«Մենք ողջունում են բանակցությունները, որոնք սկսվել են կողմերի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասը դուրս բերելու վերաբերյալ համաձայնության գալը»,-նշել է նա:

Զասը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և բանակցային գործընթացի շարունակումը էապես բարելավել են իրավիճակը:

«Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Այնտեղ այլևս չեն կրակում, բայց իրավիճակը դեռ լարված է»,-ասել է Զասը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել