Պատգամավորներն առաջարկում են ԱՁ-ների համար նվազեցնել զինծառայողների ապահովագրությանն ուղղված դրոշմանիշային վճարի չափը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ մայիսի 19-ի նիստի օրագարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց իր և պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից մշակված օրենսդրական նախաձեռնությունը:

«Առաջարկում ենք անհատ ձեռնարկատերերի համար սահմանվող տարեկան գումարի չափը՝ դրոշմանիշային վճարը, փոխարինել հետևյալ սահմանաչափերով՝ նախկինում մինչև 1.2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարում էին 18 հազար դրամ, մենք հիմա առաջարկում ենք այդքան վճարեն մինչև 2.4 մլն. դրամ հաշվարկման բազայի դեպքում: Նախկինում 2.4-ից 6 մլն. հաշվարկման բազայի դեպքում վճարվում է 66 հազար դրամ, մենք հիմա առաջարկում ենք վճարել 24 հազար դրամ, հետևաբար 1.2 -ից 2.4 միլիոնը, որը նախկինում 36 հազար դրամ պետք է վճարեին՝ 2 անգամ ավելի քիչ կվճարեն: 6-ից 12 մլն. հաշվարկային բազայի դեպքում գործող կարգավորումով 102 հազար դրամ են վճարում, մենք առաջարկում ենք վճարել ընդամենը 48 հազար դրամ և 12 մլն. և ավել գումարի դեպքում գործող կարգավորումով վճարում են 180 հազար դրամ, մենք առաջարկում ենք վճարել 120 հազար դրամ»,-նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այս օրենսդրական կարգավորման դեպքում ոչ մի կերպ չի վտանգվի հիմնադրամի գործունեությունը, չի ազդի հիմնադրամի վճարունակության վրա, չի ազդի հիմնադրամի ֆինանսական կայունության վրա և հիմնադրամը կատարելու է իր առջև դրված պարտավորություններն ամբողջ ծավալով:

Պատգամավորը նշեց, որ փոփոխությունը տնտեսության վերականգման փուլում անհատ ձեռնարկատերերի վրա դրվող տնտեսական բեռը էականորեն կթեթևացնի:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նշեց, որ ոչ մի առարկություն չունի և նախագիծը կարող է կյանքի կոչվել:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ, այն կքննարկվի առաջիկա նստաշրջանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել