«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովային՝ Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» այսօր տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը։
«Ընդունեք իմ խորին ցավակցությունները Կազան քաղաքի «Թիվ 175 գիմնազիայում» տեղի ունեցած ողբերգական կրակոցների կապակցությամբ:
Այս ողբերգական իրադարձությունը, որը խլել է մարդկային 9 կյանք, ցնցել է մեզ բոլորիս:
Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, մաղթում եմ հոգու տոկունություն այս դժվար պահին և բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»,- մասնավորապես ասված է ցավակցական հեռագրում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ ու պայթյուն է տեղի ունեցել Կազանի դպրոցներից մեկում: Կրակոցների հետևանքով սպանվել է 1 ուսուցիչ և 7 աշակերտ, կա 32 վիրավոր, երկրի ԱԻ ծառայության փոխանցմամբ, 2 աշակերտ էլ մահացել է երրորդ հարկի պատուհանից ցատկելուց հետո:
Հիվանդանոց տեղափոխված 18 աշակերտներից 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային սպանություն կատարելու հոդվածով։
Իլնազ Գալյավիևը զինված է եղել Hatsan ESCORT ինքնաձիգով:
«Այն դպրոցում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, անվտանգության աշխատակիցներ չեն եղել, կար միայն «կարմիր կոճակ»,-այս մասին հայտարարել է Ռուսական գվարդիայի ղեկավարի խորհրդականը։
Նշվում է, որ հարձակվողը հրազեն պահելու թույլտվություն է ստացել բոլորովին վերջերս` ապրիլի 28-ին:
Գալյավիևը քննիչներին ասել է․ «Ես հասկացել եմ, որ Աստված եմ, մոտ 2 առաջ եմ հասկացել, որ Աստված եմ։ Ես սկսեցի բոլորին ատել, իմ մեջ հրեշ է արթնացել»։
Նշենք, որ 19-ամյա Իլնազ Գալյավևը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Նյու Յորքի Երկվորյակ աշտարակների հայտնի ահաբեկչության օրը: