Լիբանանի քաղաքացուն Հայաստանում չեն տվել փախստականի կարգավիճակ

Շիբել Անտուան Բու Ջաուդեն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 26.09.2011թ. թիվ Մ-14/11-Ա որոշումը վերացնելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

Ինչպես տեղեկացանք www.datalex.am կայքից, ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով հայցվոր Շիբել Անտուան Բու Ջաուդեն մասնավորապես հայտնել է, որ ինքը 2011թ. մայիսի 25-ին դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն փախստականի կարգավիճակ և ապաստան ստանալու խնդրանքով։ Պատասխանողը 26.09.2011թ. թիվ Մ-14/11-Ա որոշմամբ Լիբանանի քաղաքացի Շիբել Անտուան Բու Ջաուդեին չի ճանաչել փախստական, մերժել է ապաստան ստանալու մասին դիմումը։

Հայցվորը վերջին անգամ ապաստանի խնդրանքով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն է դիմել 20112. մայիսի 25-ին։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը 4 ամիս վարչական վարույթ է իրականացրել՝ որոշումը կայացնելով 26.09.2011թ.։ Որոշման մասին Շիբել Անտուան Բու Ջաուդեն իրազեկվել է 04.10.2011թ.։

Դատարանի եզրահանգմամբ՝ Պատասխանողը, մերժելով հայցվորի դիմումը, բացառապես հիմնվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված՝ ապացուցման պարտականության բաշխման կանոնների վրա և զուտ արձանագրելով, որ հայցվորը չի ապացուցել իր երկյուղի հիմնավոր լինելը և որ Լիբանանում ներկայումս իրավիճակը կտրուկ տարբերվում է այն պահից, երբ հայցվորը լքել է երկիրը (2003 թվական), որևէ կերպ քննարկման առարկա չի դարձրել հետևյալ հանգամանքները.

– հայցվորն օբյեկտիվորեն զրկված է իր կողմից ներկայացված որոշ փաստերի վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից,
– հայցվորը ներկայացրել է այնպիսի տեղեկություններ, որոնց պարզման համար ծառայությունը օժտված է համապատասխան լծակներով,
– պատասխանողը որևէ ապացույցով չի հիմնավորել իր այն դիրքորոշումը, որ Լիբանանում ներկայումս իրավիճակը կտրուկ տարբերվում է այն պահից, երբ հայցվորը լքել է երկիրը (2003 թվական) և դա այն պարագայում, երբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի կողմից 2010 թվականի նոյեմբերի 1-12-ը Ժնև քաղաքում կայացած նիստի ընթացքում ներկայացված զեկույցում մտահոգություն է արտահայտվել Լիբանանի կողմից խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվու-թյունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարի կառուցակարգերի ապահովման հարցում, ինչպես նաև բազմաթիվ լրատվության միջոցներով (այդ թվում՝ պաշտոնական) նյութեր են տարածվել այն մասին, որ Լիբանանում ծավալվում են մարդու իրավունքները ոտնահարող գործողություններ,
– պատասխանողը որևէ կերպ չի անդրադարձել հայցվորին Լիբանան վերադարձնելու արգելքների առկայության կամ բացակայության հարցին։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի: Անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 26.09.2011թ. թիվ Մ-14/11-Ա որոշումը։ Հայցը՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասով, մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել