Ապրիլի 25-ին կայացավ նորաստեղծ «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը։ Հավաքի նպատակն էր բարձրաձայնել շարժման ազգային նպատակներին, համազգային միաբանմանը, Հայաստանի երկարաժամկետ զարգացման տեսլականին, անվտանգային միջավայրին ուղղակիորեն սպառնացող վտանգներին և նոր իրավիճակում արտաքին քաղաքականության վերանայված ու թարմացված հայեցակարգին վերաբերող հարցեր։
«5165» շարժմանն արդեն իսկ անդամակցել են իրենց ոլորտներում տեսանելի հաջողություններ գրանցած անհատներ, հասարակական ու քաղաքական միավորներ, կուսակցություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել լիակատար աջակցություն ցուցաբերել նորաստեղծ շարժմանը։ Այն միտված է միավորե՛լ ազգային շահն առաջնային համարող բոլոր կարող ու առողջ բևեռներին՝ Հայաստանի պետականության պահպանման և ամրապնդման, ազգային արժեքների վրա խարսխված ինքնիշխան պետության կայացման համար։
5165 թիվը խորհրդանշում է Արարատ լեռան բարձրությունը։ Շարժման առաջնորդ, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության նախագահ Կարին Տոնոյանը բացման խոսքում հղում արեց հենց սրբազան լեռան գաղափարի ու վերելքի շուրջ համախմբվելու հրամայականին։
Կարին Տոնոյանը մասնավորապես ասաց․
«Շարժման նպատակն է համախմբել բոլոր այն նվիրյալներին, բոլոր այն արհեստավարժ հայորդիներին և ՀՀ քաղաքացիներին՝ անկախ ազգային պատկանելիությունից, որոնք շատ լավ հասկանում են այն իրավիճակը, որի մեջ գտնվում է մեր հայրենիքը, որոնք պատրաստ են համախմբելու և մեր երկիրը հանելու այս խորը ճգնաժամից, որոնք ունեն հավատ, կամք՝ վերակերտելու Հայաստանը, որոնք չեն ուզում մնալ առանց հայրենիք և համալրել այն ազգերի շարքը, որոնք կան, բայց հայրենիք չունեն: Մեր երկրի ապագան վտանգված է և մեր պարտքն է կանգնեցնել այդ վտանգը: Մեզ դրել են մի իրավիճակում, որ մենք ստիպված ենք ընտրություն կատարել այնպիսի ուժերի միջև, որոնք երկիրը hասցրել են այս օրին և ուզում են հավատացնել ժողովրդին, որ ուրիշ ուժեր չկան, բայց այդ ուժերը կան: Նրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ իրենց գործն են արել՝ համոզված լինելով, որ հայրենիքին ծառայում են գործ անելով», – ասաց Տոնոյանը։
Շարժման համահիմնադիր, միջազգային հարաբերությունների մասնագետ, ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը ելույթում փաստեց, որ անկախության 30 տարիների ընթացքում պետությունը այդպես էլ չձևակերպեց քաղաքացիների համար հստակ ազգային նպատակ, որի հետևանքով այժմ կա պառակտված հասարակություն, ձախողված պետություն, գոյութենական շոշափելի սպառնալիք, շարունակվող արտագաղթ, տնտեսական անկում: Անդրադառնալով համազգային գաղափարի ձևավորմանը, Սողոմոնյանը մասնավորաբար նշեց․
««5165» շարժումը հանձն է առնում տալ այս հարցերի պատասխանը, դրանց վերաբերյալ հանրային համաձայնություն ստանալու պարագայում համախմբել Հայաստանի, Արցախի Հանրապետությունների քաղաքացիներին, այլ պետություններում մեր ազգակիցներին այդ ընդհանուր, ազգային նպատակի շուրջ և կերտել ազգային հզոր ու կենսունակ պետություն: Մեր պատկերացմամբ հայոց ազգային նպատակն է կերտել այնպիսի պետություն, որը կլինի միջազգային իրավունքի այնպիսի դերակատար, որն ունակ է իր ազգային շահերի ներքո ապահովել իր քաղաքացիների անվտանգության և զարգացման նպատակները, երաշխավորել մրցունակ պետություն դառնալու առաջնահերթությունը: Այնպիսի պետություն, որը հայանպաստ դիրքերից կհասնի Արցախի հիմնահարցի լուծմանը՝ ապահովելով այնտեղի բնակչության անկախության իրավունքը: Պետություն, որն ունակ կլինի արդյունավետ հակակշռել Թուրքիայից եկող գոյութենական սպառնալիքներին՝ ունենալով վերջինիս զսպման ռազմական և դիվանագիտական գործուն մեխանիզմներ, այնպիսի պետություն, որը հայերի ոտնահարված իրավունքները և արդարությունը վերականգնելու երկարաժամկետ ռազմավարություն մշակելու և իրականացնելու հնարավորություն կունենա»:
Շարժման համահիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն էլ շեշտեց, որ շարժումն անհրաժեշտությունից է ծնվել։ Գրիգորյանը փաստեց, որ ինքը երբեք անձամբ չի ցանկացել մտնել քաղաքական դաշտ, քանի որ մշակույթն է եղել պայքարի իր գործիքը, բայց այժմ միայն մշակույթը միջոց լինել չի կարող, քանի որ մեր երկիրն ուզում են խլել մեզնից։ Անդրադառնալով պետական համակարգում առկա բացերին՝ Գրիգորյանը հավելեց․
«Մեր երկիրը, որն ունի նման մշակույթ, իրավունք չունի չունենալ առանձին մշակույթի նախարարություն։ Հատկապես հիմա, երբ ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել շատ մշակութային կոթողներ։ Դարեր շարունակ մեր մշակույթը՝ պետականության դեր ստանձնած, պահել է մեզ, իսկ այժմ մենք պետք է պահենք մեր մշակույթը։ Բոլոր խնդիրներին պետք է հասցեական մոտեցում և լուծում գտնենք։ Մյուս կարևոր հարցը հայրենադարձությունն է։ Մենք, որպես պետություն, նեղացրել ենք մեր սփյուռքին։ Պետք է փոխենք մեր վերաբերմունքը մեր աշխարհասփյուռ հայրենակիցների նկատմամբ։ Սփյուռքը դրամի քսակ չէ, այն միայն հայրենիքը ծանր պայմաններում փրկելու օղակ չէ։ Սփյուռքը փորձում է իր հնարավորության սահմաններում օգնել իր հայրենիքին։ Սփյուռքահայը այլևս դիտորդ չպետք է լինի. նա պետք է հայրենիքում տուն ունենա։ Մենք պարտավոր ենք պետական երաշխավորություն և արտոնություններ ստեղծել բոլոր հայրենադարձների համար։ Հարկավոր է մշակել հատուկ նախագծեր, օրինակ՝ նոր ավաններ կառուցելով լուծել բնակեցման հարցը,տարածքներ շատ ունենք, արտոնյալ պայմաններ ստեղծենք տնտեսական գործունեություն ծավալելու համար»,- հավելեց Արսեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ «5165» շարժումն իր գործունեության մեկնարկն ազդարարեց ապրիլի 22-ին՝ շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի ուղերձով։ Շարժմանն արդեն միացել են տարբել ոլորտի ներկայացուցիչներ՝ բժիշկ Գևորգ Թամամյանը, «Հայրենիք» վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Ղազարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը, իրավաբան, տնտեսագետ Վարդան Քալանթարյանը, միջազգային հարաբերությունների մասնագետ, ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը, TCF Armenia–ի համահիմնադիր, GlobalAM հասարակական կազմակերպության և BANA-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը, «Ստատուս հոլդինգի» համահիմնադիր, քաղցկեղով հիվանդ երեխաների փրկությանն ուղղված «FUND 100» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրեն Տիգրան Բալոյանը և այլք: