ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում նշել է, որ լայն քննարկումների առիթ դարձած Լելե-Թեփեի օպերացիա չի եղել։ Փոխարենը եղել է Քյանդ Հորադիս օպերացիան։
«Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի 5-6-ը, երբ հակառակորդի մի թևնն արդեն Ջաբրայիլի մոտ էր, մյուս թևը Հադրութի գյուղերն էր վերցնում, երրորդ թևը գնում էր դեպի Խոդա Աֆարին։ Պարոն Փաշինյանը կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ ստեղի գեներալները սենց բան են ասում։ Ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարող եք էդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, կանգնեցնել հակառակորդին, կարանք և չանենք, բայց եթե դա չի լինում, ապա միակ քայլը մնում է էդ քայլը։ Մարդը ասում է՝ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին էդ երեք ուղղություններով։ Այսինքն՝ մնում է Հորադիս։ Լելե-Թեփեն 9-10 կմ էնտեղից հեռու է։ Հորադիսից մի հատ ուղիղ ճանապարհ է իջնում գետ՝ 12 կմ։ Եթե մենք չենք կարողանում էս 12 կմ-ը փակենք, ապա մենք 100 կմ ո՞նց ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից։ 1993 թվականին այդ տարածքները այդ ձևով ենք ազատագրել։ Առաջարկը ընդունել է և՛ Ջալալը, և՛ Գասպարյան Օնիկը, որ այո՛, դա է միակ ձևը։ Օպերացիան որպես այդպիսին չի կայանում, սպաները հրաժարվում են տարբեր պատճառներով։ Էն, ինչը ես ասում եմ, եղել է Լելե-Թեփեից 10 կմ հեռավրության վրա։ Լելե-Թեփե օպերացիա գոյություն չունի, չկա նման բան»,- ասել է Սամվել Բաբայանը։
Նա նաև նշել է, որ իր անունը կապվում է Լելե-Թեթեի հետ, որ հարյուրավոր զոհեր են եղել իր պատճառով, մինչդեռ, նրա խոսքով, նման օպերացիա չի եղել, իսկ Քյանդ Հորադիսի օպերացիայում, որն իր առաջարկով է իրականացվել, զոհվել է 2 հոգի, մինչդեռ ներկայացնում են, որ 700 զոհ է եղել։