Թբիլիսիում այսօր՝ ապրիլի 13-ին, չնայած անձրևոտ եղանակին կայացավ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Ցուցահանդեսը ներկայացվել է Թբիլիսիի ազատության հրապարակում տեղակայված սակրեբուլոյի (ավագանի) շենքի դիմաց:
Միջոցառման կազմակերպիչները՝ «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամները, հաղորդել են, որ ցուցահանդեսը կտեղափոխվի Վրաստանի նախագահի նստավայրի հարակից տարածք։
Նկարներում պատկերված են եղել դրվագներ ոչ միայն հայոց ցեղասպանությունից, այլև Արցախի հոգևոր ժառանգությունից, որ պղծվել է 2020թ. պատերազմից հետո:
Նման ցուցահանդես կազմակերպությունն անցկացրել էր նաև 2018-ին: Ավանդույթի համաձայն, ապրիլի 23-ին անցկացվում է ջահերով երթ դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, այնուհետև՝ ապրիլի 24-ին՝ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև: Նախորդ տարի այս միջոցառումները չեն կայացել պանդեմիայի պատճառով:
«Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը հարցին, թե ինչ պլաններ ունեն այս տարի, պատասխանել է. «Կապրենք, կտեսնենք»: