«Մինչև․․․» պատերազմ և երկրային կյանքի ավարտ․ ցուցադրվեցին պատերազմի մասնակիցների վերջին աշխատանքները

Մինչև․․․ մինչև պատերազմ ու մինչև մի շարք արվեստագետների երկրային կյանքի ավարտ։ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների աշխատանքները փետրվարի 10-ից ապրիլի 10-ը ցուցադրվեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Այն կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Ռենեսանս» հիմնադրամի նախաձեռնությամբ։

«Հասկացանք, որ շատ են այն նկարիչներն ու քանդակագործները, որոնք գնացել էին պատերազմ և, ցավոք, չէին վերադարձել։ Բոլորը չեն, որ զոհվել են, այստեղ կան նաև աշխատանքներ, որոնք մասնակիցների, պատերազմ գնացած ու վերադարձած արվեստագետների գործեր են»,-նշում է «Ռենեսանս» հիմնադրամի վիզուալ արվեստների ծրագրերի ղեկավար, «Մինչև․․․» ցուցահանդեսի համակարգող Լուսինե Քարամյանը։

Այցելուները շատ են եղել, նկարահանման ժամանակ էլ երկու խումբ կար, նրանից մեկում պատերազմից չվերադարձած Համլետ Հովհաննիսյանի մայրն էր՝ Գոհար Կիրակոսյանը։ Որդին մանկուց է սիրել նկարել, մասնագիտական կրթություն չէր ստացել։

«Ավելի լուրջ պատերազմից մոտ 6 ամիս առաջ սկսեց նկարել, գրանցվեց հեռավար դասերի ու դրանց միջոցով սովորեց նկարել՝ Գարի Արզումանյան ուսուցչի մոտ․ և սկսեց նկարել խաղաղ բնություն, բնապատկերներ, եկեղեցի»,-նշում է զոհված զինծառայողի մայրը։

Վերջին նկարն անավարտ է մնացել, դեռ աշխատելու տեղ կար, չհղկված դետալները հեղինակին էին սպասում։ Համլետը զինվորական էր, տագնապով դիրքեր էր գնացել, բայց անգամ մի քանի րոպե տևող հեռախոսազանգերում հիշել է նկարի մասին։

Ցուցահանդեսում պահպանված էին նաև այն աշխատանքների տեղերը, որոնք կարող էին լինել, բայց չեղան։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել