Ռումինիայի Սուչեավա քաղաքի Ստեֆան ցել Մարե համալսարանի մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի բրիտանական շտամի նոր մուտացիա, ինչը նվազեցնում է պատվաստանյութերի արդյունավետությունը, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հաղորդում է համալսարանի մամուլի ծառայությունը:
«Երեք անհանգստացնող տեսակներից բացի, որոնք հայտնի են որպես բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական, փետրվարին ավելացվել է վիրուսի նոր տեսակ՝ E484K մուտացիան, որը ավելի մեծ դիմադրություն է առաջացնում պատվաստանյութերի արտադրած հակամարմինների նկատմամբ, ինչը նվազեցնում է պատվաստանյութերի արդյունավետությունը: Սուչեավա, Կլուժ, Իասի, Տիմիս և Բոտասանի նահանգներում SARS-CoV-2 ունեցող հիվանդներից վերցված 91 փորձանմուշից հայտնաբերվել է բրիտանական շտամի 88 դեպք և B.1.1.7 + E484K տեսակների վարակման մեկ դեպք», – ասված է զեկույցում:
Թեստերը ստուգելու համար համալսարանը յոթ երկրների հիվանդանոցների հետ համագործակցության պայմանագրեր է կնքել:
Ռումինիայում 2020 թվականի նոյեմբերի 9-ին ուժի մեջ մտան սահմանափակումները, համաձայն որոնց ՝ երկրում սահմանվեց պարետային ժամ: Հինգ տարեկանից բարձր անձինք պարտավոր են դիմակներ կրել նույնիսկ փողոցներում: Բոլոր պետական և մասնավոր ընկերությունները հնարավորության դեպքում պարտավոր են կազմակերպել աշխատողների հեռավար աշխատանք:
Արգելվում է տոնական միջոցառումներ անցկացնել ցանկացած տարածքում: Արգելվում է նաև փակ շուկաների, տոնավաճառների, ցուցահանդեսների աշխատանքը: Սահմանափակումներն ուժի մեջ են մինչև ապրիլի 13-ը: