Ռուսաստանում գործող «Նեպոսեդի» թատերական ստուդիայի ղեկավար Ելենա Փինջոյանի 14-ամյա որդին մահացել է։ Դեռահասը փորձել է սելֆի անել, ընկել է Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանի մասնավոր տան պատուհանից: Այս մասին ապրիլի երեկ հայտնել է Դաշնային լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին: Պատանու տատիկը, նկատելով թոռան բացակայությունը, գնացել է նրան փնտրելու: Նրա խոսքով՝ տղան իր հետ տարել է բջջային հեռախոսն ու բարձրացել աստիճաններով: Երբ կինը բարձրացել է երրորդ հարկ, տեսել է բաց պատուհանը, դեռահասը անգիտակից վիճակում ընկած է եղել գետնին: Դեպքի փաստով ստուգում է իրականացվում:
Այդ օրը թատրոնի PR տնօրեն Պետր Շեքսեևը հայտնել էր, որ տղան դարձել է 14 տարեկան ու ապրիլի 4-ին ընտանիքը նախատեսում էր շարունակել նշել իր ծննդյան օրը: Պատանին համերգային ստուդյայի հաղորդավարներից մեկն էր, բացի այդ, նա նկարահանվում էր ֆիլմերում: