Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Սյունիքի «միջանցքում»:

«Այժմ Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում `Հայաստանի համար»,-ասել է Ալիևը, մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:

Ալիևը նշել է, որ ներկայումս Հայաստանը երկաթուղային կապ չունի իր դաշնակից Ռուսաստանի հետ:

«Այս կապը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով: Հայաստանը երկաթուղային կապ չունի նաև հարևան Իրանի հետ: Նախիջևանի միջոցով այս կապը նույնպես կարող է ապահովվել։ Այսինքն ՝ ստեղծվում է տրանսպորտային նոր միջանցք: Ադրբեջանն արդեն մեկնարկել է այս աշխատանքը: Վստահ եմ, որ գործընկեր երկրները նույնպես կօգտվեն այդ հնարավորություններից», – նշել է նա:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններում որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում:

«Ներկայումս փորձագիտական խմբերը կենտրոնացած են բոլոր հնարավոր ուղղություններով ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորությունների և տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքների վրա: Որևէ «միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարց չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին: Հայաստանի Հանրապետության տարածքով որեւէ միջանցքի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի ասվում: Խոսքը տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման մասին է, ինչը հստակեցվել է հունվարի 11-ի համատեղ հայտարարությամբ»,-նշել էր նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (Քելբաջար) (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամ) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչին) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Բերձորի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել