Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդի ձևավորման մրցույթի հետ կապված շատ հարցեր են առաջացել, ինչի համար էլ նորից պարզաբանում են մրցույթի նպատակը, կարևորությունը և քաջալերում ստեղծարար ոլորտի գործընկերներին` ծանոթանալու մրցույթի մանրամասն նկարագրին, պայմաններին և դիմելու։
«Զբոսաշրջության կոմիտեն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ ձեռնարկել է Զբոսաշրջության կոմիտեի www.armenia.travel կայքի վերափոխման գործընթացը և թիրախային շուկաներում Հայաստանի զբոսաշրջային ներուժը առավել գրավիչ ներկայացնելու առաքելությունը։ Թվային դարաշրջանում անչափ կարևոր է, որ երկիրը ներկայացնող զբոսաշրջային պաշտոնական կայքը լինի մրցակցային, տպավորիչ և ներկայացնի զբոսաշրջային առաջարկները, որոնք կգրավեն ապագա զբոսաշրջիկին։ Կայքի համար կարևոր է նաև արտաքին ձևավորումը, որի անբաժան մասն է տարբերանշանը։ Ահա այդ նպատակով էլ հայտարարվեց նաև սույն մրցույթը, որի միջոցով կստեղծվի նոր տարբերանշան և վիզուալ էլեմենտներ, որոնցով կառանձնանա Զբոսաշրջության կոմիտեի նոր կայքը, ինչպես նաև վերջիններս կօգտագործվեն Կոմիտեի կողմից իրականացվող մարքեթինգային արշավներում, գովազդատեղեկատվական նյութերում, ինչպես նաև միջազգային ցուցահանդեսներում։
Մրցույթին կարող են մասնակցել տեղական ընկերությունները, մանրամասները՝ այստեղ։
Վերջնաժամկետը՝ ապրիլի 28, 17։00»,-ասված է հայտարարությունում։