Ստեփանակերտում բացօթյա առևտրի անվերահսկելի ծավալները դժգոհությունների ու մտահոգությունների առիթներ են ստեղծում բնակչության շրջանում: Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։
«Նախ՝ երևույթն այս ինքնին հակասանիտարական է, քանի որ չեն պահպանվում հիգիենայի տարրական նորմերը, և հետո էլ՝ այն արդեն լրջորեն խանգարում է քաղաքի անվտանգ երթևեկության ու մայթերի վրա մարդկանց ազատ տեղաշարժի ապահովման գործին:
Խնդրին մոտիկից ծանոթանալու, կարգազանց տնտեսվարող սուբյեկտների և գյուղմթերքի առևտրով զբաղվող առանձին անհատների հետ զրուցելու նպատակով այսօր նրանց են այցելել Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ու ՍԱՊԾ ներկայացուցիչները:
Բացօթյա առևտրով զբաղվողների հետ պատկան մարմինները բացատրական աշխատանքներ կատարեցին՝ հավաստիացնելով, որ այցի նպատակը բնավ խախտումներ արձանագրելն ու պատժելը չեն, այլ վերջիններիս ուղղորդելը: Քաղաքային իշխանությունները զգուշացրին՝ հետևողական են լինելու ու այս թեման այսուհետ ևս գտնվելու է ուշադրության կենտրոնում»,- ասված է հայտարարության մեջ: