ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված է, որ Ադրբեջանում հայասպանությունն ունի էթնիկ շարժառիթներ. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի նախագահը, այդ երկրի իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ ի վեր վարել և շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները:

Ընդամենը 3 օրինակ՝
Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ուղերձում հպարտացավ. «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով»: Թշնամի ասելով՝ նկատի ունի Հայաստանն ու ողջ հայ ժողովրդին, որին ատում է մի ողջ սերունդ:
Թուրքիայի նախագահը 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական միջոցառման ժամանակ Արցախում պատերազմը համեմատեց Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղսապանության և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ: Այդ օրը` դեկտեմբերի 10-ը, ըստ նրա, Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն էր:

ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված է, որ Ադրբեջանում հայասպանությունն ունի էթնիկ շարժառիթներ ու խրախուսվում է իշխանության մարմինների կողմից:
Ուստի, ինչ գործընթաց կամ ծրագիր էլ լինի կամ ինչ բառեր էլ օգտագործվեն՝ այս հիմնարար իրողություններն անտեսվել չեն կարող:

Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացու, հայ ժողովրդի կյանքի, ֆիզիկական անվտանգության կամ որևէ այլ իրավունքի, Հայաստանի բնակչության բնականոն կյանքի ու խաղաղության հաշվին միակողմանի որևէ գործընթաց զարգանալ չի կարող, իսկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ պատասխանատվություն չկրելու պատճառով ստանում է նոր դրսևորումներ:

Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունն ուղիղ պայմանավորված է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների զինված հարձակումների ընթացքում ու դրանց դադարից հետո արձանագրված ու շարունակվող մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, ինչպես նաև հաշվի է առնում այն, որ հարցը դարձել է լայն հանրային քննարկման առարկա:

Հ.Գ. Այս լուսանկարը պատերազմի ընթացքում հատուկ պատրաստել ու սոցիալական ցանցերում ակտիվ տարածում էին ադրբեջանցի ու թուրք օգտատերերը` լայնորեն խրախուսելով ադրբեջանական վայրագությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել