Բարի՛ երթ, Գեղամ ջան․ Արտակ Բեգլարյանը՝ Արցախի նորանշանակ ՄԻՊ-ին

Այսօր ԱՀ Ազգային ժողովը Գեղամ Ստեփանյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի բարձր դիրքում:
Ուրախ եմ այս դիպուկ ընտրության համար և շնորհավորում եմ մեզ՝ ժողովրդի բարձրաստիճան ծառաների շարքը Գեղամի նման խելացի, նվիրված ու արժեքահեն գործիչով համալրվելու առթիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

«Երբ պատերազմից բառացի օրեր առաջ Գեղամին նշանակել էի ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղար, վստահ էի, որ չեմ զղջալու, և պատերազմական ու հետպատերազմյան ժամանակահատվածների մեր դժվարին ու համատեղ ճամփան վերահաստատեց իմ համոզմունքը: Թե այդ ժամանակ ինչեր ենք ապրել ու հասցրել մեր փոքրիկ թիմով՝ Արսեն Սառաջյանի ու Գուրգեն Ներսիսյանի հետ միասին, միայն մենք կիմանանք…

Ուստի, անվարան կարող եմ պնդել, որ Գեղամը կշարունակի ՄԻՊ հաստատության հետագա զարգացման ընթացքը, իր ուրույն ու ոչ պակաս կարևոր ներդրումը կունենա այդ գործում՝ ՄԻՊ արհեստավարժ աշխատակազմի հետ միասին պատվախնդրորեն պաշտպանելով արցախցիների իրավունքները ներքին ու արտաքին հարթակներում: Թեև իմ հրաժարականից հետո շատերը ափսոսանք հայտնեցին, սակայն ժամանակն է ասելու, որ Գեղամն այն անձն է, ով ոչ միայն արդյունավետորեն կշարունակի կիսատ թողնված գործերը, այլ նաև կարող է ավելի բարձր հանգրվանների հասցնել ՄԻՊ հաստատությունը:

Գեղամին համարելով ոչ միայն լավ գործընկեր, այլ նաև նույն արժեքները դավանող ընկեր՝ լրիվ պատրաստակամություն եմ հայտնում իմ պաշտոնական ու անձնական հնարավորությունների սահմաններում առավելագույնս աջակցելու նրան իր կարևորագույն առաքելության կայացման հարցում՝ հանուն մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության ու պետականության ամրապնդման:

Դժվարին մարտահրավերների հաղթահարումը տրված է միայն նվիրյալներին. բարի՛ երթ, Գեղամ ջան»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել