Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը:
Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում նախագահ Հարությունյանը և ԱԳ նախարար Այվազյանը մտքեր են փոխանակել հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ անընդունելի գնահատելով Ադրբեջանի կողմից այդ խնդրի անհարկի քաղաքականացումը:
Ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական քաղաքական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այդ առնչությամբ շեշտվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման անկյունաքարային դերը հակամարտության արդարացի լուծման համատեքստում»,- ասված է հայտարարության մեջ: