Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի բնակիչ, 51-ամյա տղամարդը Գյումրի քաղաքի 41-ամյա բնակիչ իր ծանոթի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նրա օժանդակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման շուրջ: Վերջինս գործով չպարզված անձից 100.000 ՀՀ դրամով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր՝ 13.55 գրամ քաշով, ինքնաշեն եղանակով պատրաստված «Ափիոն» տեսակի թմրամիջոց, փոխանցել Լոռու մարզի բնակչին, որը վերջինս ապօրինի պահել է իր մոտ, ինչն էլ հայտնաբերվել և վերցվել է կատարված անձնական խուզարկությամբ:

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ Լոռու մարզի բնակիչը գործով չպարզված անձից և հանգամանքներում, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու միասնական դիտավորությամբ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8.52 գրամ քաշով «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց, որից 6.54 գրամը 2020թ. փետրվարի վերջերից մինչ մարտ ամսվա սկիզբն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ապօրինի իրացրել է Երևան քաղաքի բնակչին:

Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, Գյումրի քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Երևանի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Լոռու մարզի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը: Քրեական գործով մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել