Ազգային ժողովն այսօր՝ մարտի 24-ին, անցկացնում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում առավել շատ ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:
Արմեն Հայկյանցը կարճ ելույթ ունեցավ՝ նշելով, որ ծրագրային ուղղվածությամբ ելույթ չի ունենա, քանի որ արդեն իսկ առաջին փուլում այն ներկայացրել է։
«Ես հանդես կգամ որոշակի քննադատ դիտողականությամբ՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հետ կապված ընթացակարգային որոշ դրսևորումների և այդ ընթացակարգը կարգավորող առանձին իրավադրույթների հանդեպ որոշակի ֆորմալիստական դրսևորումների առնչությամբ»,-ասաց նա։
Դատավորի թեկնածուի խոսքով՝ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի արդարադատության և դատական իշխանության հարցերով խորհրդատվական մարմին, իր առանձին խորհրդատվական բնույթի եզրակացություններում, դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ իշխանական բոլոր թևերն օժտված են նշանակի իշխանությամբ, օրենսդիրն ընդունում է օրենքներ, գործադիրը կյանքի է կոչում այդ օրենքները, իսկ դատական իշխանությունը խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնմանն ուղղված կայացնում է կարևորագույն որոշումներ, որոնք ազդում են դատարանից օգնություն հայցող կողմի և դրանով պայմանավորված՝ հասարակական, հանրային գործերի ընթացքի վրա, երբեմն, նույնիսկ, քաղաքացիների ճակատագրի հետագա ընթացքի վրա։
Նա հրաժարվեց պատասխանել պատգամավորների հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում