Ազգային ժողովը մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը:
Կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 2:
Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում անցնելիս մի շարք փոփոխությունների է ենթարկվել:
Փետրվարի 5-ին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, թե ինչ փոփոխություններ են կատարվել նախագծում։
Փետրվարի 10-ին օրենքի նախագիծն ԱԺ-ում քննարկվել և ընդունվել է առաջին ընթերցմամբ, որն էլի ԿԳՄՍ նախարարն է զեկուցել՝ ներկայացնելով, թե ինչ հնարավորություններ այն կտա։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար նախագիծը մերժվել է և չի ընդգրկվել նիստերի օրակարգում։
Մարտի 4-ին ԱԺ որոշմամբ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը տեղափոխվել է գրավոր առաջարկների ներկայացման փուլ:
———
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրավաբան․net-ը ուսումնասիրել է որոշման նախագիծը և խնդրահարույց ու հակասահմանադրական դրույթներ հայտնաբերել։
Փոփոխության համաձայն, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, մինչև հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը՝ բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Այս դեպքում լիազոր մարմին է հանդիսանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Այսինքն, ԿԳՄՍ նախարարությունն է նշանակելու բուհի ռեկտորին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:
Հվավելենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքներ հայտնել են մի շարք կառույցներ՝ Հանրային խորհուրդը, Երևանի պետական բժշկական համալսարանը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը և այլն։
Իրավաբան.net-ի հետ թեմայի վերաբերյալ խոսել են Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Պետրոսյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը։