Այս երեք գործառույթը մեկ մարմնին տալն իմ խորին համոզմամբ սխալ է․ Ռուբեն Վարդազարյանը՝ ԲԴԽ-ի նոր լիազորությունների մասին

«Բարձրագույն դատական խորհրդի՝ Սահմանադրությամբ նախատեսված հիմնական լիազորությունը դատավորների և դատական իշխանության անկախության ապահովումն է»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով անցած շաբաթ ԱԺ-ում ընդունված օրենքի լրացմանը, ըստ որի, Բարձրագույն դատական խորհուրդը նոր լիազորություն է ստանում, համաձայն այդ լիազորության՝ բոլոր քաղաքացիները, որոնք շփվում են դատարանի հետ, կարող են դժգոհել դատարանից և դիմել ԲԴԽ։

Նա նշել է, որ անկախ դատարան, անկախ դատավոր լինելը ինքնանպատակ չէ, դատավորի իրավունքը չէ, այլ շահառուի, ժողովրդի իրավունքն է ունենալ իրական արդարատատություն։

«Այս օրենքի ընդունմամբ, իմ կարծիքով, խախտվում է այդ անկախության երաշխիք լինելու սահմանադրական սկզբունքը, որովհետև ԲԴԽ-ն, լինելով դատարանների անկախության երաշխավորը, դառնում է դատավորներին հետապնդող մարմին։ Ի՞նչ է սա նշանակում․ յուրաքանչյուր քաղաքացի, որը դժգոհ է դատարանից կամ դատավորից, իրավունք է ստանում դիմել Բարձրագույն դատական խորհուրդ։ Եվ ԲԴԽ-ն այդ քաղաքացու դիմումը պարտավոր է  ընդունել վարույթ, եթե այն ակնհայտ անհիմն չէ, և քննել այդ գործը։ Ստացվում է ԲԴԽ-ն որոշում է վարույթ ընդունել, այնուհետև քննել այդ գործը և այնուհետև հանդես գալ որպես դատարան։ Այս երեք գործառույթը մեկ մարմնին տալն իմ խորին համոզմամբ սխալ է»,- նշել է նա։

Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ օրենքի ընդունմամբ խախտվում է ևս մեկ սահմանադրական սկզբունք․

«Իմ կարծիքով՝ խախտվում է ևս մեկ սահմանադրական սկզբունք՝ դատավորի արդար դատաքննության իրավունքը, որովհետև ցանկացած դատավոր հանդիսանում է ՀՀ քաղաքացի, և դատավորը ևս իրավունք ունի դատվել անկախ, անաչառ դատարանի կողմից»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել