«Համոզված եմ, որ, գիտակցելով առկա մարտահրավերները, առավել մեծ ջանքեր կներդնենք ընթացիկ ծրագրերը շուտափույթ իրագործելու համար». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության շարունակական զարգացման համար:

Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը պարտադրում է աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ:

Համոզված եմ, որ, գիտակցելով առկա մարտահրավերները, առավել մեծ ջանքեր կներդնենք ընթացիկ ծրագրերը շուտափույթ իրագործելու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:

Նախագահ Սարգսյանը Հասան Ռոհանիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

***

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։

Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի առթիվ:

Թող գալիք տարին Իրանի ժողովրդի համար լինի քաղաքական և տնտեսական հաջողությունների տարի: Տարածաշրջանի առջև ծառացած նոր խնդիրներն ու մարտահրավերները հրամայական են դարձնում հայ-իրանական հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը:

Հայաստանի և Իրանի միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության համար կարևոր է կառուցողական երկխոսության շարունակականությունը, որը հիմնված է միմյանց կրոնի և մշակույթի հանդեպ հարգանքի վրա»: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել