COVID-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հրապարակել է դատախազությունից ստացած պատասխանը, որում ասվում է․
«ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել եմ COVID-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի՝ հարուցված քրեական գործերի վերաբերյալ հարցման պատասխանը:
Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ 2020թ. ընթացքում՝
1.Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության կողմից հատկացված միջոցների ծախսման, դրանց բաշխման, մասնակիցների ընտրության, նշված գործընթացների՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության, հնարավոր չարաշահումների, յուրացման, շահերի բախման, պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառակերության, հովանավորչության, պետությանը հասցված վնասի, ինչպես նաև այլ առերևույթ հանցագործություն կատարած լինելու հիմքով հարուցված քրեական գործեր չեն եղել.
2. Արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում կառավարության և պարետատան կողմից սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները չպահպանելու արդյունքում խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է մեկ քրեական գործ, որով երկու անձի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է.
3. Արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում ՀՀ կառավարության և պարետատան կողմից սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները չպահպանելու առնչությամբ ՀՀ ոստիկանության ծառայողների պահանջները չկատարելու, ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու (այդ թվում՝ սպառնալիքի) վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրոի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով հարուցվել է 8 քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2 քրեական գործ:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերից 5 քրեական գործով որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել և նշված քրեական գործերի վարույթները կարճվել են, մեկ քրեական գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ երկու քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերից մեկով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մեկ քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, որով նախաքննությունը շարունակվում է.
4. Արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում կառավարության և պարետատան կողմից սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելիս ՀՀ ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի (Խոշտանգումը) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ: Նշված քրեական գործերից 2-ով որևէ անձ որպես մեղադրյալ չի ներգրավվել, իսկ 1 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերը նշված 3 քրեական գործերով նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշումներ են կայացվել ոստիկանության ծառայողների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին.
5. Արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում ՀՀ կառավարության և պարետատան կողմից սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները չպահպանելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) 1-ին մասով հարուցվել է 2 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվում է: Նշված քրեական գործով որևէ անձ որպես մեղադրյալ չի ներգրավվել.
6. Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու, հիվանդին օգնություն ցույց չտալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով հարուցվել է 17 քրեական գործ, որից 7 քրեական գործ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ) կասեցվել է: Իսկ 10 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է»: