Կարող է՝ Բաղրամյանը բացենք, մեկ ուրիշ փողոց փակենք․ Իշխան Սաղաթելյանը՝ շարժման ապագայի մասին

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դեռ ոչինչ չի նշանակում։

Նրա խոսքով՝ իշխանությունը շատ անգամներ է խաբել։

«Մենք գտնում ենք, որ արտահերթ ընտրությունները անհրաժեշտ և կարևոր պայման են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ դրանք կասկած են հարուցում։ Դրանք չեն լինելու մրցակցային, հավասար պայմաններով։ Կա մեծ վտանգ, որ դրանք կեղծվելու են։ «Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է պնդել, որ մեր առաջարկած ճանապարհային քարտեզը ամեն ճիշտն էր»,-նշել է նա ու հավելել, որ բողոքի և անհնազանդության ակցիաները շարունակվելու են։

Սաղաթելյանի խոսքով՝ ընտրությունները կազմակերպող անձը և իր կուսակցությունը չպետք է մասնակցեն ընտրություններին։ Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ընտրությունների մասնակցության վերաբերյալ հայտարարությանը՝ նշեց, որ յուրաքանչյուր կուսակցությունը իրավունք ունի իր կամքը արտահայտել։

Ըստ Սաղաթելյանի՝ շարժումը շարունակելու է գործել, քանի դեռ կուսակցությունները համախմբված են մոտ նպատակի շուրջ, այն է՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

«Այն ձևով, որով սկսել ենք՝ մարտավարության մեջ որոշ փոփոխություններով։ Կարող է՝ Բաղրամյանը բացենք, մեկ ուրիշ փողոց փակենք։ Բաղրամյանը, դեռ, շարունակելու ենք փակ պահել»,-նշեց Սաղաթելյանը և հավելեց, որ ՀՅԴ կորոշի՝ մասնակցել ընտրություններին, թե ոչ։

Նա համոզված է՝ շարժումը դեռ չի մարել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել