Մարտի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Նազելի Բաղդասարյանի հերթական այցը Արցախ, ընդգծել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացումը: Խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ անհայտ կորած անձանց մասին ԱՀ և ՀՀ օրենքները պետք է նույնական լինեն:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ողջունելով ԱԺ պետական- իրավական մշտական հանձնաժողովի անդամներին և պատգամավորներին ՝ Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրինագծի նպատակահարմարությանը և ընդունման անհրաժեշտությանը: Պատգամավորը նշել է, որ օրենքի ընդունմամբ կկարողանան լուծել տարբեր գերատեսչություններում առաջացած խնդիրները: «Խաղաղության կնքումից ի վեր առաջացել են հարցեր , որոնց բախվում ենք ամեն օր: Դրանք վերաբերում են անհայտ կորած անձանց կարգավիճակին, նրանց հարազատների սոցիալական երաշխիքներին: Կարծում եմ` ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի անհրաժեշտություն իրապես ունենք: Լիահույս եմ, որ համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցվի անհայտ կորած անձանց կարգավիճակային հարցը»,- իր խոսքում նշել է Նազելի Բաղդասարյանը:
Պատգամավորը նշել է, որ նախագիծը մշակվել էր դեռևս 2006 թվականին, սակայն հարցի քննարկումը հետագա տարիներին որոշ գերատեսչություններ համարել են ժամանակավրեպ:
Նազելի Բաղդասարյանը պատասխանել է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակին առնչվող հարցերին և վստահեցրել, որ կանդրադառնան պատգամավորների առաջարկներին ու քննարկումներ կծավալեն:
Կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել,որ դրանք շարունակական կլինեն:
Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահը, խորհրդարանականներ: