Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցած՝ տնօրենի ընտրությունների շուրջ զարգացումները շարունակվում են. այսօր՝ մարտի 15-ին, դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը և մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ նոր տնօրենի ընտրության կարգը խախտումներով է իրականացվել։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 22-ին կայացել են տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որի արդյունքում երկու թեկնածուներն էլ հավասար ձայներ էին հավաքվել, իսկ հաղթող չլինելու պարագայում ընտրությունը կատարել էր ԿԳՄՍ նախարարը և դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակել էր ոչ թե նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների նախընտրած թեկնածու, նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, այլ Քարմիլե Առաքելյանին, որը մեկ այլ դպրոցից է եկել ու չի ընդունվում։
Դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանը նշել է, որ աշխատակազմի գործադուլն անօրինական է: Ինքը դիմել է դատարան: Բացի այդ, ստացել է ՀՀ արհմիութենական կազմակերպության գրությունը, որ գործադուլն անօրինական է ճանաչվել (դպրոցում, ըստ նրա, արհմիություն չկա): Աշխատանքի տեսչական մարմնից նույնպես տնօրենը կարգադրագիր ունի: Դրա հիման վրա էլ արդեն տույժեր է կիրառել ու աշխատանքից ազատել պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանին, որը գործադուլի կազմակերպիչներից է համարվում:
Ըստ Բաբայանի՝ նախարարը կարծում է, որ ինքը քաղաքականացված է․ «Քանի որ Աբովյանը Գագիկ Ծառուկյանի հարազատ քաղաքն է, հենց այն, որ մենք աբովյանցիներ ենք, մեզ անպայման պետք է կապեին ԲՀԿ-ի հետ։ Խնդիրը ընդհանրապես քաղաքականացված չէ և նրանք եմ իմ թիկունքին կանգնած մեզ աղմկեցնում։ Ինչպես ես, այնպես էլ Աբովյան քաղաքում շատ շատերը հպարտ են, որ Գագիկ Ծառուկյանի համաքաղաքացիներն են։ Ծառուկյանը իր երկրի և քաղաքի համար շատ գործեր է արել, բայց ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ մի օր ԲՀԿ անդամ չեմ եղել, չնայած օրենքի չի սահմանափակում»։
Դպրոցի մանկավարժները պնդում են, որ կառավարման խորհրդի՝ հենց այս դպրոցը ներկայացնող 4 անդամներն էլ Բաբայանին են ընտրել, Առաքելյանին են ձայն տվել մյուս 4 անդամները, որոնք, ուսուցիչների խոսքով, Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարազատները կամ ծանոթներն են, իսկ Քարմիլե Առաքելյանը, ըստ այդ խոսակցությունների, Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է։
Ռոմանոս Պետրոսյանը, ով նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, հերքել է Առաքելյանի հետ ընկերական, ազգակցական և բարեկամական կապ ունենալու մասին խոսակցությունները։ Բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապ ունենալու լուրերը հերքել է նաև Քարմիլե Առաքելյանը՝ շեշտելով, որ պատրաստ է անգամ դատարան դիմել։
Մանրամասները՝ տեսանյութում։