Աննկատ գրավեցին Հայաստանը, հետո՝ Արցախը, բայց մենք արդեն վերականգնվում ենք․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժումը» հրապարակել է Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկայնի ելույթն ամբողջությամբ․

«Ինձ հաճախ են հարցնում՝ կկարողանա՞նք նորից վերածնվել, վերականգնվել, որովհետև վերականգնվելը շենք կառուցելը չի, վերականգնվելը ոգին է։ Կկարողանա՞նք այդ ոգին վերականգնել։ Այսօր դուք ապացուցեցիք, որ մենք արդեն վերականգնվում ենք, բանակն արդեն վերականգնվում է։

Բեկումնային է նաև այն իմաստով, որ ընթացքն արդեն գնաց։ Արդեն բոլորն են մեզ հետ՝ այստեղ, թե տներում՝ նույն ոգևորությամբ։
Այս ժողովուրդն է, որ նորից պետք է վերականգնի Հայաստանը, ստեղծի իր բանակը, նվաճի Արցախը։

Այս պայքարը վատ ղեկավարին լավ ղեկավարով փոխարինելու պայքար չէ։ Մենք ոչ թե վատ ղեկավար ունենք, այլ մեր երկիրը նվաճել են թշնամիները։

Այն օրը, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ինքս ինձ համար գրառում արեցի։ Ինձ համար ամենամեծ ոգևորիչ ուժը Չարենցի «Երկիր Նաիրիի» նախաբանն է, որտեղ գրում է, որ մեր ժողովրդի աչքերում բոցկլտում է Նաիրի Երկրի գաղափարը։ Գրեցի՝ վերջ, Նաիրի Երկիրն իրականություն չի դառնա, մի հսկայական ցնցում պետք է լինի, որ նորից հնարավոր լինի վերակառուցել Երկիր Նաիրիի գաղափարը: Ցավոք, այդ ցնցումը եղավ։ Եվ հիմա մենք պիտի վերականգնենք ոչ միայն նախկինը, մենք հիմա պիտի ավելի բարձր մակարդակի հասնենք։ Մեր սխալներն ու վրիպումները բերեցին նրան, որ թշնամին գրավի Հայաստանը: Եթե մենք նույն ձևով շարժվենք, էլի թշնամիները կգրավեն Հայաստանը։

Մենք պիտի վերածվենք նոր մակարդակով, իրար նորովի սիրելով, նոր երազանքներով, նոր ձգտումով, մեծ գաղափարների, մեծ սկզբունքների և ոչ միայն գոյատևելու շուրջ։ Այսօրվա օրը ցույց է տալիս, որ այդպես է լինելու։

Բայց մենք շատ աշխատանք ունենք անելու։ Նիկոլ Փաշինյանը նորից այդ թուղթն ուղարկել է Հանրապետության նախագահին։ Նախագահը երեք օրվա ընթացքում պետք է պատասխան տա։ Նա ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից: Ինչքան մենք այստեղ ամուր կանգնած լինենք, այնքան ամուր կլինի նա, ամուր կլինի նաև բանակը: Հետո հարցը հասնելու է Սահմանադրական դատարան։ Մենք պետք է կանգնած լինենք, որ Սահմանադրական դատարանն ամուր ձևով պաշտպանի մեր բանակի, մեր ժողովրդ, մեր ազգի շահերը։ Եթե այդ կառույցների մեջքը դատարկ է, այդ կառույցները կարող են չդիմանալ։

Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, որ անխուսափելի դառնա նրա գնալը, որից հետո պետք է քննարկենք՝ այդ ինչպե՞ս եկան և տիրեցին մեզ։ Այստեղ և՛ Արցախի հարցը կար, և՛ Հայաստանի: Եթե ուզում ես գրավել Արցախը, նախ պետք է գրավես Հայաստանը: Դրա համար իրենք աննկատ գրավեցին Հայաստանը, հետո՝ Արցախը: Դա մշակված, իրար հետևից գնացող քաղաքականություն էր: Պետք է հասկանանք նաև, թե ո՞նց դա եղավ, որ հետո այլևս երբեք թույլ չտանք։ Մենք պիտի դասեր քաղենք։ Մենք պիտի հասկանանք, թե ինչպիսի՞ պետություն ենք ուզում ունենալ և ինչպիսի՞ ժողովուրդ ենք ուզում լինել։ Ու դրա ծիլն արդեն այստեղ է, մեր մեջ․․․

Ազգ, բանակ, հաղթանա՛կ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել